«Վամպիրի օրագրերի» հայազգի աստղ Րաֆֆի Բարսումյան. «Վամպիրի օրագրերի» հետ իմ պայմանագիրն ավարտված է»

11:32   29 ապրիլի, 2015

Ավարտին է մոտենում ամերիկյան «Վամպիրի օրագրերը» հանրահայտ հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանը: Այս անգամ հեռուստաշոուն նկարահանվեց առանց նախորդ եթերաշրջանի գլխավոր չարագործ Մարկոսի, որին մարմնավորում էր ազգությամբ հայ դերասան Րաֆֆի Բարսումյանը: Ո՞ւր է «կորել» Մարկոսը եւ ինչո՞վ է զբաղված դերասանն այս շրջանում: NEWS.am STYLE-ը կրկին բացառիկ զրույց ունեցավ Րաֆֆիի հետ:

««Վամպիրի օրագրերի» հետ իմ պայմանագիրն այս պահին ավարտված է: Հիմա ես աշխատում եմ «Oregon Shakespeare Festival» թատրոնում: Ինձ դուր է գալիս մարմնավորել Շեքսպիրի հերոսներին: Իսկ Նյու Յորքի Հանրային թատրոնում խաղացել եմ «Պերիկլես» ներկայացման մեջ», - նշեց Րաֆֆին, ով պատրաստվում է ամառն անցկացնել Աշլենդ կոչվող փոքրիկ քաղաքում, որտեղ եւս խաղալու է մի քանի ներկայացումներում:

«Աշնանը պատրաստվում եմ վերադառնալ Լոս Անջելես, որտեղ միգուցե կրկին հանդես կգամ հեռուստատեսային նախագծերում»,-իր երկրպագուներին շտապեց ուրախացնել հայազգի դերասանը:

«Վամպիրի օրագրերը» հեռուստաշոուն էկրաններ է բարձրացել 2009 թ-ին եւ հասցրել է սիրվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Եվրոպայում ու Ասիայում: Հեռուստասերիալը մեծ թվով երկրպագուներ ունի նաեւ Հայաստանում:

 

Զրուցեց՝ Սյունե Առաքելյանը

 



© NEWS.am STYLE