Հայկական բեմադրություններից եւս կարելի է շատ բան սովորել. հայտնի ռեժիսորների հարցազրույցը NEWS.am STYLE-ի հետ

15:16   9 հոկտեմբերի, 2015

«Ներկայացումից առաջ միշտ էլ լարվում եմ, ինչն օգնում է ավելի պատասխանատու կերպով ներկայանալ հանդիսատեսին: Փոխարենը` հետո աննկարագրելի ձևով լիցքաթափվում եմ»,- ասում է ժամանակակից արվեստի «Heliotropion» թատրոնի հիմնադիր Կլոտիլդա Տիրադրիտին, որը մարտական արվեստների վարպետ և երաժիշտ Պատրիկ Մատոյանի հետ կրկին Հայաստանում է:

«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի շրջանակներում զույգը երեկ ներկայացրեց իրենց «Invisible» («Անտեսանելի») կոչվող ներկայացումը, որը պատմում է մի քաղաքի մասին, որտեղ մարդիկ շփվում են ժեստերի և ակրոբատիկ հնարքների միջոցով: Ներկաացման, Հայաստանում կատարված փոփոխությունների և մի շարք այլ թեմաների շուրջ զրուցեցինք Կլոտիլդի և Պատրիկի հետ:

-Կլոտիլդ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հանդիպում եք ունենալու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիտուտի ուսանողների հետ: Ի՞նչ կասեք մեր երիտասարդ դերասանների մասին:

-Սա արդեն երրորդ անգամն է, որ Հայաստանում եմ: Յուրաքանչյուր տարի աշխատում ենք «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ: Ուսանողները հիանալի են: Փառատոնից հետո ևս մեկ շաբաթ մնալու ենք այստեղ, որպեսզի ունենանք դասընթացներ նույն համալսարանի ուսանողների հետ:

-Ըստ Ձեզ` որքանո՞վ են կարևոր այսպիսի փառատոնները, ինչպիսին որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն է:

-Նախ և առաջ` սա միջազգային փառատոն է, որի շրջանակներում հնարավորություն ենք ունենում հանդիպելու այլ երկրների ներկայացուցիչների հետ: Մարդկանց հետ շփվելով` այլ մակարդակի վրա ես կարողանում տեսնել նրանց մշակույթները, ծանոթանալ դրանց առանձնահատկություններին: Այժմ աշխատում եմ երիտասարդ դերասանների հետ, ում ոչ միայն ես եմ գիտելիք տալիս, այլև շատ բաներ հենց իրենցից եմ սովորում: Բացի այդ` հայկական բեմադրություններից ևս կարելի է շատ բաներ սովորել:

-Կխոսե՞ք «Invisible» ներկայացման մասին:

-«Անտեսանալի» կոչվող այս ներկայացումն արդեն երեք տարի է` բեմադրում ենք տարբեր բեմերում: Հայաստանում այն ներկայացնում ենք առաջին անգամ: Բեմում ներկայանում ենք 4 հոգով: Մեզ շատ է օգնում նաև օպերատոր Մենուան: Ես ոչ միայն պարում եմ ներկայացման մեջ, այլև հանդիսանում եմ բեմադրության խորեոգրաֆը, իսկ Պատրիկը կոմպոզիտորն է, ինքն էլ նվագում է: Սա միջազգային մասշտաբի ներկայացում է: Այն գրվել է իտալացի հեղինակ Իտալո Կալվինոյի համանուն ստեղծագործության հիման վրա և ներկայացնում է «Անտեսանելի» կոչվող քաղաքի պատությունը:

-Պատրիկ, Դուք ավելի հաճախ եք լինում Հայաստանում: Ինչ-որ փոփոխություններ նկատո՞ւմ  եք այստեղ:

-Այո, մարդիկ ավելի հաճախ են սկսել օգտագործել բջջային հեռախոսները… ամենուր, ամեն փողոցի վրա սելֆի են անում (ծիծաղում է):

-Առաջին հայացքից թվում է, թե մարտարվեստն ու երաժտությունը, բոլորովին, տարբեր ոլորտներ են: Հե՞շտ է համատեղել այս երկու ասպարեզները:

-Ե՛վ երաժշտության, և՛ մարտարվեստի մեջ միշտ պետք է հետևել ոճին և հաղորդակցվել մարդկանց հետ: 2 ոլորտներում էլ պետք է ամբողջովին նվիրվես հանդիսատեսին: Երկուսն էլ հաղորդակցման ձևեր են:

-Իսկ հնարավո՞ր է, որ մի օր էլ Հայաստանում որոշեք բացել «Heliotropion»-ի նման պարի ստուդիա:

-Միգուցե, ինչո՞ւ ոչ:  Առաջ Աստված…

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE