Հայկական մշակույթը Իսպանիայում

20:04   11 հոկտեմբերի, 2015

Իսպանիայում անցկացվող երիտասարդական ծրագիրը, որին մասնակցում են վեց տարբեր երկրների ներկայացուցիչներ (Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, Խորվաթիա, Բուլղարիա եւ Հայաստան), շարունակում է իր ընթացքը։ Անդալուսիական մշակութային արժեքներին եւ խոհանոցին ծանոթանալուց հետո, պետք էր ներկայացնել նաեւ հայկական հարուստ մշակույթը։ Բնականաբար, մինչ Իսպանիա գնալը մենք պատրաստվել էիք այս կարեւոր իրադարձությանը՝ ընտրել հայկական երաժշտություն, պար, ուտեստներ եւ կատարել համապատասխան գնումներ։ Մեր ցուցակում ընդգրկված էին լավաշը, չիրը, բաստուրման, սուջուխը, հայկական կոնյակը, գինին, կոնֆետները եւ քանի որ մտադիր էինք նաեւ տոլմա պատրաստել, չէինք մոռացել խաղողի թուփի մասին։

Նախ ցուցադրեցինք կարճատեւ հոլովակ Հայաստանի մասին։ Այնուհետեւ ներակայացրեցինք բերված քաղցրավենիքը, սկսեցինք «Վերվերի» պարել ու մյուս մասնակիցներին էլ սովորեցնել։ Սակայն տոլմայի եւ փոխինձի պատրաստությունը դեռ առջեւում էր։

Տոլմայի եւ փոխինձի պատրաստման եղանակը ցուցադրելուց հետո, մենք տարբեր երկրներից եկած մասնակիցներին հյուրասիրեցինք հայկական ավանդական այս ուտեստները․ կաթսայում գրեթե ոչինչ չմնաց։

Չնայած մեզ հրավիրող երկրի մասնակիցներն ու տեղի բնակիչներ չգիտեին, թե ինչպիսին է հայկական մշակույթը, բոլորն այս երեկոյից հետո տեղեկացված հեռացան այստեղից։

Նշեմ, որ հայկական երեկոյին ներկա էր նաեւ իսպանական Պադուլ գյուղաքաղաքի ղեկավար Նիկոլո Ալարկոնը, որը մեկ բաժակ կոնյակով խմեց Հայաստանի կենացը։



© NEWS.am STYLE