Դմիտրի Շեպելեւի հետ կապված սկանդալի պատճառով Ժաննա Ֆրիսկեի հայրը հիվանդանոցում է հայտնվել

14:05   21 հոկտեմբերի, 2015

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում սկիզբ առած սկանդալները երգչուհու հորը հիվանդանոց են հասցրել: Հայտնի երգչուհու քաղաքացիական ամուսնու հետ վեճերն իրենց ազդեցությունն են թողել Վլադիմիր Ֆրիսկեի առողջության վրա, որի մոտ սրտի խնդիրներ են ի հայտ եկել: 

«Սկանդալի պատճառով սիրտը ցավեց, նյարդերը տեղի տվեցին: Մեզ մոտ ամեն ինչ առաջվա պես է. Շեպելեւը մեզ թույլ չի տալիս Պլատոշայի հետ շփվել: Մենք պայմանագիր ենք կնքել փաստաբանի հետ, որը դատարանում ներկայացնելու է մեր իրավունքները: Ես արդեն խոսելու ուժ չունեմ, պաշտոնապես պայքարելու ենք: Վերջերս նա զանգել էր կնոջս եւ կանչել թոռան հետ տեսակցության: Կինս հիվանդ է, չորս օր պառկած էր, բայց մի կերպ հասավ էնտեղ: Իսկ Շեպելեւը նրան թղթակիցներով դիմավորեց, թե տեսեք՝ թույլ եմ տալիս հանդիպել թոռանը: Ամեն ինչ ցուցադրություն է: Ժաննան երկու տարի հիվանդ էր, Շեպելեւն ասում էր: «Դու ինձնից բացի, ոչ մեկին պետք չես»: Ժաննան ինչեր է քաշել…» – «Комсомольская правда»-ին ասել է Վլադիմիր Ֆրիսկեն:

Նրա ասելով, Ֆրիսկեի եւ Շեպելեւի միջեւ ոչ մի սեր էլ չի եղել:

«Ո՞վ ասաց, թե աղջիկս սիրում էր նրան: Վերջին ժամանակներս ուղղակի ատում էր: Դեմքը շրջում էր, երբ նա ներս էր մտնում», – ասել է հանգուցյալ երգչուհու հայրը:

Ժաննայի քույրը՝ Նատալիան եւս բացասաբար է տրամադրված Դմիտրիի հանդեպ: «Գիտե՞ք, մարդկանց առաջ շատ բան կարելի է ցուցադրել: Լուսանկարել, ներկայացնել, ասել, թե էսպես է եղել: Հիվանդության այս երկու տարվա ընթացքում նա Ժաննայի հանդեպ իրեն շատ բաներ է թույլ տվել: Կարող էր գոռալ վրան, հանդիմանել, թե տգեղացել ես… Դրա համար էլ մենք ընտանիքով շատ ենք վիրավորված նրանից», – խոստովանել է Նատալիա Ֆրիսկեն:
Ինչպես հայտնել է հանգուցյալ երգչուհու քույրը, Շեպելեւն իրենց սպառնում է, որ եթե դատարան դիմեն, Պլատոնին Բելառուս կտանի, որտեղ ապրում են նրա ծնողները:
«Ինձ առաջվա պես թույլ չի տալիս հանդիպել զարմիկիս: Արդեն չորս ամիս է ՝չեմ տեսել երեխային: Միայն երբ Շեպելեւը ոչ մեկի մոտ չի կարող թողնել Պլատոնին, մեր մորը թույլ է տալիս, որ գնա թոռանը նայելու», – ասել է Նատալիան:

Ֆրիսկեի ընկերուհին՝ Ալյոնա Կրավեցը հաղորդել է, որ Շեպելեւը վատ էր վերաբերվում Ժաննային:

«Իրենց հարաբերությունների սկզբում Ժաննան շատ էր սիրում Դիմային, հավատում էր նրան: Իսկ երբ հիվանդացավ, Շեպելեւը երկար չդիմացավ: Սկզբում նա հրապարակայնորեն ասպետի կերպար էր ստանձնել, բայց արագ փուքսը թողեց: Ժաննայի հիվանդությունը բեռ էր նրա համար եւ նյարդայնացնում էր: Ընկերների շրջանում մեծ հիասթափություն կա այդ մարդուց: Հանրության աչքի առաջ իբր պաշտում է կնոջը: Բայց իրականում ընտանիքի ներսում շատ բան կարգին չէր: Ես ներսից եմ ծանոթ իրավիճակին: Իմ կարծիքով նա վատ էր վերաբերվում Ժաննային: Նրա փողն իր զվարճանքների եւ կարիքների համար էր ծախսում: Ժաննայի լիազորությամբ Ռուսֆոնդից փող էր վերցնում»:



© NEWS.am STYLE