Սերը, քաղաքականությունը եւ նույնիսկ Քիմը` նկարիչ Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսում (ֆոտո)

13:52   7 նոյեմբերի, 2015

Անձնական եւ քաղաքական բողոք`սա էր նկարիչ Սամվել Սաղաթելյանի (Սամա Սագա) «ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ» (ENTER THROUGH THE SMOKE SHOP) ցուցահանդեսի հիմնական ուղղվածությունը։ Ցուցահանդեսի բացումը կայացավ երեկ` նոյեմբերի 6-ին, էլեկտրոնիկ սիգարետների խանութ սրահում: 

Նկարինչն աշխատանքներում տառերի եւ թվերի տեսքով անդրադարձել է Երեւանում վերջին շրջանում կատարված իրադարձություններին` էլեկտրիկ Երեւանին, Քարդաշյանների այցին եւ այլն: 

Աշխատանքները նկարված են ստվարաթղթերի վրա, ինչը Սամվելը բացատրում է հետեւյալ կերպ. «Ստվարաթուղթը փողոցային պրոտեստն արտահայտելու լավագույն միջոցն է»: 

Նկարչից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է ցուցահանդեսն իրականցնելու համար ընտրել սիգարետների խանութ սրահը. «Եկա, տեսա եւ հավանեցի այս վայրը, իսկ էլեկտրոնիկ սիգարետը ինչ-որ տեղ առնչվում է էլեկտրիկ Երևան թեմային: Բացի այդ, սա ալտերնատիվ վայր է մեր քաղաքում»: 

Ցուցահանդեսը կազմակերպել է HAYP Pop Up պատկերասրահի հիմնադիր Աննա Գարգարյանը: 

«Սամվելի գործը շատ եմ սիրում: Նրա աշխատանքներն ունեն շատ հզոր գրաֆիկական լուծումներ: Նա ասում է այն, ինչ մտածում են բոլորը, սակայն վախենում են բարձրաձայնել: Ինձ դուր է գալիս այն, որ Սամվելը մարդկանց մեջ փնտրում է սեր եւ նույնիսկ քննադատությունն է կատարում սիրով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Աննան: 

Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16-ը: Հաշվի առնելով աշխատանքների բնույթը` այն նախատեսված է հասուն տարիքի հանդիսատեսի համար: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE