NEWS.am STYLE Exclusive. Ինչպե՞ս Հայաստանն ու հայկական հարսանիքները հայտնվեցին ամերիկացի լուսանկարիչ Աարոն Սպագնոլոյի օբյեկտիվում

12:02   8 դեկտեմբերի, 2015

Ամերիկայում մեծ պահանջարկ ունեցող լուսանկարիչ Աարոն Սպագնոլոն մի քանի տարի է` լուսանկարում է հայկական հարսանիքներ: Բազում աստղերի եւ հանրային դեմքերի հետ աշխատած լուսանկարիչն ասում է, որ իր համար շատ հաճելի է ֆիքսել մարդկանց կյանքի ամենակարեւոր օրը, ինչի համար նրան միշտ շնորհակալ են լինում: Ինչո՞ւ Աարոնը սկսեց լուսանկարել հայկական հարսանիքներ: Թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց ունեցավ հայտնի լուսանկարչի հետ:

-Աարոն, աշխարհում շատ ազգություններ կան` հարսանեկան հետաքրքիր ավանդույթներով. ինչո՞ւ որոշեց հենց հայկական հարսանիքներ լուսաբանել:

-Կինս ազգությամբ հայ է: Ես եւ նա Բոսթոնի հայկական համայնքի ներկայացուցիչներ ենք: Հայ համայնքին հաճախ եմ աջակցում լուսանկարչական աշխատանքներով: Այս տարի լուսաբանել եմ Հայոց ցեղասպանութայն 100-ամյակի միջոցառումները Բոսթոնում:

Հուսով եմ` համայնքի ներկայացուցիչները գոհ են իմ կատարած աշխատանքից:

-Ըստ Ձեզ` հայկական հարսանեկան արարողության մեջ, հատկապես, ի՞նչն է ամենատպավորիչը:

-Առաջնահերթ շատ եմ սիրում հայկական եկեղեցու բույրը: Այնտեղից միշտ խունկի հոտ է գալիս: Շատ եմ սիրում լուսանկարել ազգությամբ ոչ հայ ներկաներին, որոնք այնքան զարմացած են հետեւում այդ ամբողջ արարողությանը:

Ի տարբերություն կաթոլիկ հարսանիքների` հայկական հարսանեկան արարողությունը եկեղեցում բավականին երկար է տեւում, ինչը թույլ է տալիս լուսանկարչին ավելի լավ լուսանկարներ ստանալ:

-Ի՞նչ հետաքրքիր միջադեպեր եք հիշում հայկական հարսանիքներից:

-Հիշում եմ` հայկական հարսանիքներից մեկի ժամանակ քավորն արտերկրից էր եւ նա պետք է խաչը պահեր նորապսակների գլխի վերեւում: Նրա ձեռքն արդեն դողում էր, իսկ դեմքին նայելիս հասկանում էիր, որ այդ մարդը մտածում է. «Տեսնես ե՞րբ է այս ամենը վերջանալու», միեւնույն ժամանակ հարսնացուն հազիվ էր զսպում ծիծաղը:

Հայերը չեն դադարում կրկնել, որ իրենք են առաջինը ընդունել Քրիտոնեությունը: Որպես լուսանկարիչ` ինձ համար մեծ պատիվ է աշխարհի հնագույն եկեղեցիներում աշխատելը:

-Բացի հայկական հարսանիքներից նաեւ հայտնի մարդկանց եք լուսանկարում: Օրինակ` լուսանկարել եք մեր սիրելի հայրենակից Սերժ Թանկյանին: Ամեն դեպքում, հարսանիքնե՞ր եք ավելի հաճույքով լուանկարում, թե՞ աստղերին:

-Հայտնիներին լուսանկարելն, իհարկե, հաճելի է, սակայն ավելի հաճելի է, երբ քեզ մոտենում եւ շնորհակալություն են հայտնում հարսանիքի ներկաներն ու ասում, որ ես իրենց անմոռանալի օրն ավելի հիշարժան եմ դարձրել:

Ինչ վերաբերում է Սերժին, ինձ համար հաճույք էր նրա հետ աշխատելը, քանի որ միշտ նրա երաժշտության երկրպագուն եմ եղել:

Մինչ կնոջս հանդիպելն, արդեն իսկ շատ բան գիտեի Հայաստանի մասին Սերժ Թանկյանի երաժշտության շնորհիվ: Լուսանկարել եմ նաեւ հայ համայնքի այլ հայտնի մարդկանց: Ասեմ ավելին, մի անգամ` Վրաստանի սահմանակից գյուղերից մեկում լուսանկարել եմ նախագահ Սերժ Սարգսյանին, նկարել եմ նաեւ Արամ Ա. Կաթողիկոսին:

-Աարոն, մեր նախնական զրույցում ասացիք, որ վերջերս եղել եք Հայաստանում: Կկիսվե՞ք Ձեր տպավորություններով:

-Երբ 2011 թ-ին ամուսնացանք, կինս անընդհատ պլանավորում էր գալ Հայաստան: Այսպիսով` միասին այցելեցինք Հայաստան եւ այդտեղ մնացինք երեք շաբաթ:

Եղանք նաեւ Արցախում եւ Ջավախքում: Ինձ համար, հատկապես, անմոռանալի էր Արցախ կատարած այցս: Մարդիկ շատ ջերմ եւ հպարտ էին: Հաճելի էր նաեւ Խնձորեսկ մեր այցելությունը, իսկ Արենիում գինի ենք փորձել: 

Բազում հին եկեղեցիներ ենք այցելել, գնացել ենք նաեւ Ծիծեռնակաբերդ եւ հարգել անմեղ զոհերի հիշտակը: Ինձ դուր եկավ Հայաստանը: Ամեն վայրն իր գեղեցկությունն ուներ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աարոն Սպագնոլոն



© NEWS.am STYLE