Էրիկ Կարապետյանի բաց նամակ-դիմումը` ՄԱԿ-ին

19:02   15 ապրիլի, 2016

Երեկ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը Facebook-ի իր էջում հանդես եկավ բաց նամակ-դիմումով, որն ուղղված էր ԵԱՀԿ-ին: Ինչպես տեղեկացրել ենք` մի շարք մշակութային գործիչներ որոշել են հանդես գալ նման բաց գրառումներով` կոչ անելով միջազգային կառույցներին վերջ դնել Ալիեւի ռասիստական գործողություններին եւ զսպել ադրբեջանական ագրեսիան: Facebook-յան հաջորդ դիմում-խնդրանքը երգիչ Էրիկ Կարապետյանի կողմից է: Այն ուղղված է ՄԱԿ-ին:

«ՄԱԿ-ի հարգելի անդամներ,

Իմ անունը Էրիկ է, ես հայ եմ:

Ցանկանում եմ իմ անհանգստությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Արբեջանի միջեւ ստեղծված կոնֆլիկտի մասին:

Ինչպես գիտեք` Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որը նաեւ հայտնի է Արցախ անունով, երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Երկուսն էլ եղել են ԽՍՀՄ-ի կազմում եւ ԼՂՀ-ն քվեարկել է իր անկախության եւ ինքնորոշման համար` օրենքով վավեր հանրաքվեով` համապատասխան տեղական օրենքներին: Մի քանի շաբաթ անց ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ միայն դրանից հետո Ադրբեջանի անկախությունը հաստատվեց:

Ավելի քան երկու տասնամյակ Արցախի ազնիվ ժողովուրդը կառուցել է խաղաղ դեմոկրատիա: Նրանք չպետք է ապրեն բռնապետության ներքո: Առհասարակ, ոչ-ոք չպետք է այդպես ապրի:

Դժբախտաբար Ադրբեջանը ներկայումս ղեկավարվում է կոռումպացված եւ իշխանության ծարավ մի բռնապետի կողմից, որը բազմիցս խախտել է մարդկանց իրավունքները, բանտարկել է լրագրողներին եւ լռեցրել է քաղաքացի-ակտիվիստներին: Նրա բանակը հրակոծում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տները, դպրոցներն ու գյուղերը, սպանում երեխաներին եւ ծերերին, անդամահատում զոհվածների մարմինները: Սրանք բոլորը պատերազմական հանցագործություններ են: Անկախ Արցախը կարիք չունի ադրբեջանական բռնապետի: Ադրբեջանը պետք է վերջ դնի այդ հանցագործություններին: Ես ձեզ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիեւին եւ նրա կողմից իրականացվող ռասիզմը:

#SayNoToRacism #StopAliev

Հարգանքներով` Էրիկ Կարապետյան` երգիչ»



© NEWS.am STYLE