Երազել եմ լինել արքայադուստր եւ գտնել իմ արքայազնին. NEWS.am STYLE-ի հեքիաթային ֆոտոշարքը` Եվա Բաղդասարյանի հետ

11:03   21 հունիսի, 2016

Գունավոր տնակներ, հեքիաթային մթնոլորտ եւ գեղեցիկ արքայադուստր` հենց այսպիսի ֆոտոշարքում պատկերացրեցինք սերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանին: Բայց դե, էլ ի՞նչ նկարահանում առանց անսպասելի միջադեպերի...

Մեր դեպքում դա հանկարծակի սկսված հորդառատ անձրեւն էր: Շատ ծիծաղելի պայմաններում հաղթահարեցինք ցանկացած դժվարություն եւ բարձր տրամադրությամբ շարունակեցինք Եվայի հետ մեր նկարահանումները. Արդյունքը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Իր հեքիաթի, երազանքների եւ նկարահանման ընթացքում տեղի ունեցած զավեշտալի միջադապերի մասին Եվան պատմում է NEWS.am STYLE-ին :)

-Եվա, այսօր արքայադստեր կերպարով ես նկարահանվում: Հետաքրքիր է` երբեւէ երազե՞լ ես լինել արքայադուստր:

-Կարծում եմ` յուրաքանչյուր աղջիկ էլ փոքր տարիքում երազում է, գոնե, մեկ օր հայտնվել հեքիաթում, ապրել դղյակում, ունենալ գեղեցիկ զգեստներ եւ այլն: Դեռ փոքրուց երազել եմ լինել արքայադուստր եւ ինչպես մուլտֆիլմերի վերջում է լինում` հանդիպել իմ արքայազնին:

-Ո՞րն է եղել մանկությանդ ամենասիրելի հեքիաթը:

-Իմ ամենասիրելի հեքիաթը եղել է «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»: Նաեւ մուլտֆիլմն եմ շատ սիրում: Ամեն անգամ այդ մուլտֆիլմը դիտելիս երազում էի, գոնե, մեկ անգամ հայտնվել այդ հեքիաթում` կենսուրախ թզուկների մոտ: Ուսմանս ընթացքում մեր թատրոնում բեմադրվել է համանուն ներկայացումը եւ ես հանդես եմ եկել եղնիկի դերում :)

՞նչ ես կարծում`  ի՞նչ է պետք աղջկան` իրեն հեքիաթում զգալու համար:

-Կարծում եմ` յուրաքանչյուր աղջիկ պետք է ստեղծի իր հեքիաթը եւ իրեն իսկական արքայադուստր զգա: Կապ չունի, թե քանի տարեկան ես… պետք է միշտ լինել խենթ, երազկոտ եւ նպատակասլաց:

-Ֆիլմերում, հիմնականում, մարմնավորում ես բարի, նուրբ եւ զուսպ աղջիկների. իրական կյանքում է՞լ ես այդպիսին:

-Վերջերս մի ռուսական ֆիլմում նկարահանվեցի, որտեղ կերպարս բոլորովին նուրբ եւ բարի չէր: Ինձ այդպիսի կերպարներն ավելի են դուր գալիս: Երբեմն պետք է նաեւ բացասական հերոսի մարմնավորես ու չվախենաս դիմացինի կարծիքից: Իրական կյանքում շուտ բռնկվող եմ: Կողքից նայողներին թվում է, թե շատ նուրբ աղջիկ եմ, բայց ինչպես հայրիկս է ասում` պետք է տղա ծնվեի:) Չեմ վախենում դժվարություններից:

-Այժմ կյանքիդ անբաժան մասն է նաեւ թատրոնը: Ո՞ր ներկայացման մեջ կցանկանայիր հանդես գալ:

-Դեռ փոքրուց շատ եմ երազել հայտնվել թատրոնում, գոնե, փոքրիկ դերով. Ինչպես ասում են` եթե մի բան շատ ես ցանկանում, անպայման կատարվում է: Հիմա իմ քայլերն եմ անում թատրոնում: Ունեմ փոքրիկ դերեր, բայց դեռ սովորում եմ եւ միշտ ձգտում ավելիին:

-Մեր նկարահանումը քիչ էր մնում խափանվեր անձրեւի պատճառով: Շա՞տ տխրեցիր: Նկարահանումների ընթացքում անսպասելի իրադարդզությունների հաճա՞խ ես բախվում:

-Այո, եթե նկատեցիք, շատ էի տխրել, երբ անձրեւ սկսվեց. այդպիսի բան դեռ չէր եղել իմ նկարահանումների ընթացքում: Բայց դա էլ իր հետաքրքրությունն ուներ. Մենք` աղջիկներով… այդպիսի եղանակին… մեքենայի մեջ…:) Շատ ծիծաղելի էր, երբ Արմինե Մարտիրոսյանի հեղինակած այդ հեքիաթային զգեստով խանութ մտանք, որովհետեւ նաեւ քաղցած էինք այդքան սպասելուց հետո…:) Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ շատ ուրախ եւ լավ անցավ:

-Եվա, խոսենք քո առաջիկա նորություններից: Մոտ ապագայում քեզ որեւէ սերիալում տեսնելո՞ւ ենք:

-Արդեն բավականին երկար ժամանակ է` չեմ երեւացել էկրաններին: Կարծում եմ` ժամանակն է, որ վերադառնամ: Մեր նախորդ հարցազրույցի ընթացքում նշել էի, որ  հեռուստասերիալներում չնկարահանվելուս պատճառը դասերն էին: Այժմ ունեմ նոր առաջարկ, արդեն զբաղվում եմ այդ ուղղությամբ: Մինչ տվյալ սերիալի մեկնարկը չեմ կարող շատ փակագծեր բացել. շուտով արդեն ավելի մանրամասն կխոսեմ այդ թեմայով:

-Ինչպես ավելի վաղ նշեցիր` յուրաքանչյուր աղջիկ երազում է հայտնվել հեքիաթում եւ գտնել իր արքայազնին: Դու արդեն գտե՞լ ես Նրան:

-Անձնական կյանքում դեռ լուրջ փոփոխություններ չկան. Ամեն ինչ իր ժամանակին կլինի…:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի

Զգեստները` ArmiMarti/ դիզայներ` Արմինե Մարտիրոսյան

Դիմահարդար` Պայծառ Իսաղուլյան



© NEWS.am STYLE