Միլա Յովովիչը, Դիմա Բիլանը, Ստելա Մաքսվելն ու Ջոնի Դեփի դուստրը` Vogue-ի հայ լուսանկարչի աչքերով. NEWS.am STYLE-ի հարցազրույցը Դավիթ Մուշեղյանի հետ

14:15   28 հունիսի, 2016

Vogue հանրահայտ ամսագրի հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն (David Mushegain) օրերս Հայաստանում էր: Լուսանկարիչն այստեղ էր հայրենիքը տեսնելու նպատակով, բայց նաեւ հասցրեց իրականացնել ֆոտոշարք Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի հետ, որի հետ մեր հետաքրքիր հարցազրույցն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը:

Իսկ Դավիթի հետ զրուցել ենք Հայաստանի,  VItoria’s Secret-ի մեկ այլ հայտնի մոդել Ստելա Մաքսվելի հետ մտերմության եւ Our City of Angels նախագծի մասին, որտեղ նկարահավել է նաեւ հայտնի դերասան Ջոնի Դեփի դուստրը` Լիլի-Ռոուզ Դեփը:

-Դավիթ, ինչպե՞ս է ստացվել, որ ապրում եք Միացյալ Նահանգներում:

-Հորս ընտանիքը Կալիֆորնիա է տեղափոխվել 1900-ականներին` ցեղասպասնության առաջին դրսեւորումների ժամանակ: Մայրիկիս ընտանիքը տեղափոխվել է 1915 թ-ից հետո: Այսպիսով, շատ երկար ժամանակ է, ինչ ապրում ենք ԱՄՆ-ում, բայց իմ ծնողները 100 տոկոսանոց հայեր են: Վստահ կարող եմ ասել, որ իմ երեխաներն էլ են այդպիսին լինելու: Ինձ փոքրուց պատմել են Հայաստանի եւ մեր պատմության մասին: Հպարտ եմ, որ հայ եմ: Մեծացել եմ հայկական եկեղեցի հաճախելով, ամառային ճամբարներ կազմակերպելով, հայկական երաժշտություն լսելով, հայկական խոհանոց սիրելով…մի խոսքով` իսկական հայկական ընտանիքում: Շատ եմ սիրում մեր մշակույթը: Ես հավատում եմ, որ իրականում բոլոր հայերն էլ քույրեր ու եղբայրներ են:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ շատ վաղ տարիքից եք սկսել աշխատել եւ ամենատարբեր աշխատանքներ եք կատարել: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց զբաղվել լուսանկարչությամբ:

-Երիտասարդ տարիքից սկսեցի լուսանկարել: Ինձ մարդիկ ասում էին, որ դա ինձ մոտ լավ է ստացվում եւ որ պետք է շարունակեմ զարգացնել այդ տաղանդն իմ մեջ: Այդ ժամանակ, սակայն, ես շատ էի սիրում գրել եւ ճանապարհորդել: Շատ երկրներում էի լինում, ներկայացնում էի իմ գրած երաժշտությունն ու շփվում տեղի բնակիչների հետ:  26 տարեկանում հասկացա, որ արդեն ժամանակն է ինչ-որ բանով զբաղվել: Այդպես սկսեցի հագուստի մոդելավորմամբ զբաղվել: Իմ հագուստն ամենուրեք վաճառում էի` թե՛ Barney-ի պես խոշար խանութներին, թե՛ հայտնի խմբերին, ինչպիսին, օրինակ, The Rolling Stones-ն է: Այս աշխատանքը կատարելով կարողացա գումար վաստակել եւ գնեցի տեսախցիկ:

-Հետաքրքիր է` ինչո՞ւ Ձեր Մուշեղյան ազգանունը դարձավ Mushegain:

-Դե, իմ ազգանունը Մուշեղյան է, բայց ի սկզբանե, երբ նախապապս եկել է Միացյալ Նահանգներ, մեր ազգանունը սխալ են գրել` Mushegain: Ու մինչ օրս այն այդպես էլ մնացել է:

Ի դեպ, Դավիթը նաեւ Դիմա Բիլանի "Неделимые" տեսահոլովակի ռեժիսորն է, որտեղ նկարահանվել է հայտնի մոդել Էմիլի Ռատաժկովսկին:

-Խոսենք Our City of Angels նախագծի մասին, որտեղ լուսանկարել եք նաեւ Հոլիվուդի սիրված դերասան Ջոնի Դեփի դստերը` Լիլի-Ռոուզ Դեփին: 

-Այս նախագիծն իրականացրել եմ իմ լավ ընկեր Սամվել Հարությունյանի հետ միասին: Երկուսս էլ ցանկանում էինք ստեղծել ինչ-որ կրեատիվ եւ զվարճալի բան: Որպես լուսանկարիչ` ինձ համար շատ կարեւոր է, ժամանակ առ ժամնակ, ներկայանալ ստեղծագործ մտքերով: Ինչպես գիտեք` յուրաքանչյուր մեծ քաղաք ունի իր ամսագրերը, որոնք ներկայացնում են տեղի նորաձեւությունը, սակայն Լոս Անջելեսում չկա նմանօրինակ ամսագիր: Այսպիսով, մտածեցի` շատ լավ կլինի, եթե ես ներկայացնեմ մեր քաղաքի այդ կողմը: Ես սիրում եմ Լոս Անջելեսը, ես այստեղ եմ մեծացել եւ այն մոտ է իմ սրտին եւ հոգուն:

-Դավիթ, խոսելով Victoria’s Secret-ի հայտնի մոդել Ստելա Մաքսվելի մասին` նշել էիք, որ նա ձեր ընտանիքի մի անդամն ասես լինի: Ինչպե՞ս եք ծանոթացել եւ այդքան մտերմացել նրա հետ:

-Ստելան եւ ես հանդիպել ենք Փարիզում, մոտավորապես, հինգ տարի առաջ: Նրան տեսա սրճարաններից մեկում եւ մտածեցի` նա իմ տեսած ամենագեղեցիկ աղջիկն է: Սկսեցի շփվել նրա հետ, իսկ հետո մենք դարձանք շատ մոտ ընկերներ, նա դարձավ իմ մուսան: Մենք միասին շատ ենք ճանապարհորդել, այդ ընթացքում ես նրան հաճախ եմ լուսանկարել: Ստելան աննկարագրելի մոդել է, նա ինձ շատ է ոգեշնչում: Նա իմ ընտանիքն է: Նա եւս եղել է ինձ հետ Հայաստանում եւ նրան մեր երկիրը շատ է դուր եկել: 

-Ի դեպ, Հայաստան կատարած Ձեր նախորդ այցի մասին... Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հենց այստեղ իրականացնել Ստելայի հետ ձեր ֆոտոշարքը:

-Ե՛ւ ես, ե՛ւ Ստելան համոզված էինք, որ շատ հետաքրքիր կլինի, եթե միասին գանք Հայաստան: Ի դեպ, նա ինձ հետ հաճախ է գալիս հայկական եկեղեցի Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, այսպիսով` նա շատ բան գիտի մեր մշակույթի մասին: Երբ ռուսական Vogue-ի կողմից հայկական թեմատիկայով ֆոտոշարք իրականացնելու առաջարկ ստացա, անչափ ուրախացա. Ես վերջապես կարող էի աշխատել իմ երկրում: Ստելան ինձ համար շատ թանկ մարդ է, ինչպես եւ ինձ համար թանկ է մեր մշակույթը: Ուրախ եմ, որ հենց նրան լուսանկարեցի հայկական միջավայրում:

Հայաստանն ու հայերն ինձ համար շատ թանկ են: Կցանկանայի, որ մեր ժողովրդին չթալանեին, իսկ կորզած ունեցվածքը վերադարձնեին: Երբ հեռու ես գտնվում երկրիցդ, ավելի լավ ես հասկանում դրա արժեքը: Կցանկանայի, որ իմ աշխատանքի շնորհիվ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերն էլ տեսնեին, թե որքան լավն է մեր մշակույթը եւ հաճախ գային այստեղ` տեսնելու մեր երկիը:

-Ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստան կատարած Ձեր այցից:

-Այնքան եմ սիրում Հայաստանը, հայերին… շատ կցանկանայի բնակարան ունենալ Երեւանում: Ինձ դուր է գալիս այստեղ աշխատելը: Շատ նախագծեր եմ ցանկանում այստեղ իրականացնել:

Ինձ համար նաեւ մեծ ձեռքբերում էր մոդել Ռուբինա Խանզադյանի հետ աշխատելը: Միշտ ցանկացել եմ համագործակցել հայ մոդելի հետ: Ռուբինան հրաշալի անձնավորություն է:

Հաջորդ այցիս ժամանակ կցանկանայի գիրք գրել Հայաստանի մասին: Չգիտեմ` երբ կիրականացնեմ դա, բայց միշտ մտածում եմ այդ ուղղությամբ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE