Իմ լավագույն թիկնապահն ամուսինս է. Ջուսը՝ Քիմ Քարդաշյանի հետ Փարիզում կատարվածի եւ իր հետ պատահած միջադեպերի մասին

13:15   3 հոկտեմբերի, 2016

Այսօր առավոտվանից ողջ համացանցը թնդում է Քիմ Քարդաշյանի՝ Փարիզում պատանդ վերցնելու լուրից: Ովքեր դեռ անտեղյակ են այս միջադեպից, նշենք, որ գիշերը զինված մարդիկ՝ ոստիկանական համազգեստով Փարիզում ներխուժել էին Քիմ Քարդաշյանի հյուրանոցի համար ու նրան պատանդ վերցրել։ 

Չարագործները գողացել են հայուհու՝ 16 մլն արժողության թանկարժեք իրերը։ Նրա վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը հյուրանոցում էր՝ Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը ձեռնաշղթա էին հագցրել։

Պարզվում է՝ նմանատիպ միջադեպերից պաշտպանված չեն նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Երգչուհի Ջուսի խոսքով՝ այդպիսի բաներ հաճախ են լինում հայտնի մարդկանց հետ.

«Պետք է միշտ զգույշ լինել. ցանկացած մեծ համերգի ժամանակ արտիստի կողքին պետք է լինեն զգոն թիկնապահներ, որպեսզի կարողանան ապահովել տվյալ երգչի անվտանգությունը»:

Ռուսաստանում աշխատելու տարիներին Ջուսի հետ էլ են տարբվեր անախորժ միջադեպեր տեղի ունեցել.

«Մի անգամ՝ Իրինա Ալեգրովայի համերգից հետո, ինձ հետեւեց մի երկրպագու եւ հյուրանոցի համարիս դռները փորձեց ջարդել եւ ներս մտնել: Ես շատ վախեցա, հետո ոստիկանությունը ժամանեց եւ տարավ այդ անձնավորությանը: Հայաստանում էլ համերգներից մեկի ժամանակ ճոճում էին ավտոմեքենաս: Հազիվ դուրս պրծանք այդ պաշարումից»:

Եղել են նաեւ դեպքեր, երբ երգչուհուն թալանել են.

«2002 թ-ին Ուֆա քաղաքում էլ է մի դեպք եղել, երբ մտել են հյուրանոցի իմ համար եւ գողացել են ամբողջ կոսմետիկաս եւ թանկարժեք զարդերս: Միայն Մոսկվա վերադառնալուց հետո եմ հասկացել, որ ինձ թալանել են»:

Երգչուհին կարծում է, որ հայ արտիստները եւս պետք է ունենան թիկնապահներ.

«Երբ մեծ համերգներ եմ ունենում, ես էլ եմ թինապահներ վարձում, բայց հիմա իմ լավագույն թիկնապահն ամուսինս է, որը միշտ կողքիս է մեծ իրադարձությունների ժամանակ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE