Հանցագործները իրացման խնդիր կունենան. Քիմ Քարդաշյանը վստահ է, որ հետ կստանա իր մատանին

11:11   5 հոկտեմբերի, 2016

Փարիզում կողոպտված ու իր մատանուց (4 ու կես միլիոն դոլար արժողության) զրկված Քիմ Քարդաշյանը վստահ է, որ հետ կստանա իր մատանին։

TMZ-ը գրում է, որ հայուհին Քանյե Ուեսթի հետ հիմա հանգստանում է Նյու Յորքի իր սուպերհսկվող բնակարանում։

Կայքի աղբյուրները հայտնում են, որ մինչ ֆրանսիական ոստիկանությունը որոնում է հանցագործներին (նրանցից երկուսին արդեն կարծես նույնականացրել են), Քիմն ինքը չի կասկածում, որ չարագործներին չի հաջողվի իրացնել գողոնը։

«Քիմը վստահ է, որ հանցագործները չեն կարողանա իրացնել իր մատանին։ Դա բացառիկ մատանի է ու շատ նշաններ ու նույնականացման համարներ ունի, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ոսկերիչներից ով ու որտեղ է գնել ու վաճառել այն։ Ադամանդների վրա կան համարներ, ու մատանին չի կարող սեւ շուկայում հայտնվել, առանց կասկածներ առաջացնելու։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն վաճառեն մատանին, կհայտնվեն ոստիկանության տեսադաշտում»։

Ամերիկյան The Gemological Institute of America հեմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ ադամանդներից յուրաքանչյուրի վրա կա միկրոսկոպիկ համար, որը լազերով է գրված։

Ոսկերիչներից ոչ մեկը չի համաձայնի ոչ մաքրել, ոչ խարտել, ոչ կոտրել, ոչ էլ վաճառել այն։ Նույնիսկ եթե համարները ինչ–որ ձեւով ջնջեն, մատանին կճանաչեն դրա հատուկ բնութագրով։

Ադամանդները իրացնելու միակ հնարավոր տարբերակն այն է, որ չարագործները հենց իրենք քարը մանր մասերի բաժանեն ու փորձեն այն մաս- մաս վաճառել։



© NEWS.am STYLE