Մայքլ Ջեքսոնի թիկնապահ․ 10 հարց Քիմ Քարդաշյանի կասկածելի կողոպուտի վերաբերյալ

12:15   5 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի կողոպուտի ենթարկվելը շարունակում է մնալ ինտերնետային մեդիայի ու թերթերի թիվ մեկ թեման։ Ֆրանսիական ոստիկանությունը որոնում է հանցագործներին, հայուհին ուշքի է գալիս Նյու Յորքում, իսկ փորձագետներն էլ մինչ այդ իրենց տեսակետներն են հայտնում Փարիզում հեռուստաաստղի հետ տեղի ունեցածի մասին։

Daily Mail-ը ուշադրություն է դարձրել տասը տարօրինակ հանգամանքների վրա, որոնք մեկնաբանելու խնդրանքով դիմել է մարտական արվեստների փորձագետ, Մաքլ Ջեքսոնի նախկին թիկնապահ Մեթ Ֆիդդեսին։

1․ Ինչո՞ւ էին Քիմն ու նրա ընկերուհի ոճաբան Սիմոն Արուչեն այդքան մեծ քանակության թանկարժեք իրերով ապրում չհսկվող բնակարանում, որը մեկ մղոն հեռավորության վրա էր գտնվում Four Seasons George V հյուրանոցից, որտեղ կանգ էր առել Քիմի մնացած ընտանիքը։ Չէ՞ որ հայուհին սովորաբար իր ընտանիքի հետ նույն հյուրանոցում է ապրում։

Մեթ Ֆիդդես - «Ես երբեք Մայքլին մենակ չեմ թողել։ Երբեք։ Շատ կասկածելի է, որ Քիմը ազատ է արձակել իր թիկնապահին։ Ասեմ ավելին՝ երբ քեզ հետ այդքան թանկարժեք իրեր կան, աստղերը սովորաբար դրանք հսկելու համար առանձին թիկնապահ են պահում։ Առավել եւս այս դարաշրջանում, երբ սոցիալական մեդիան ամեն ինչ ցուցադրում է ամբողջ աշխարհին»։

2․ Ինչո՞ւ տեսահսկման խցիկ չի եղել ոչ հյուրանոցի, ոչ էլ Քիմի բնակարանի առաջ

Մեթ Ֆիդդես - «Քիմ Քարդաշյանի թիկնապահները պետք է հոգ տանեին, որպեսզի ոչ միայն հյուրանոցի մոտ, այլեւ հենց Քիմի բնակարանում տեսախցիկներ լինեին։ Իսկ նրա ննջարանում պետք է սենսորով տեսախցիկ լիներ։ Դրանք ստանդարտ պրոցեդուրաներ են։ Նրա անվտանգության աշխատակիցների գործողություններում մի բան այն չէ»։

3․ Ինչո՞ւ նման հյուրանոցում, որտեղ միայն մեգաաստղեր են իջեւանում, գիշերը միայն դռնապանն է եղել։ Այնտեղ մշտապես աշխատում են խոհարարները, վարորդները ու մյուս անձնակազմը, այդ դեպքում ինչո՞ւ այնտեղ շուրջօրյա հսկողություն չկա։

Մեթ Ֆիդդես - «Ինձ համար տարօրինակ է, որ թիկնապահները նրա հետ չէին։ Նրան այդ դեպքում պետք է ութ մարդ դրսում հսկեր, երեքն էլ ներսում»։

4․ Ինչպե՞ս են հանցագործները կարողացել բացել հյուրանոցի հսկայական, ծանր ու ներսից փակվող դուռը, եթե կոտրանքի ոչ մի նշան չկա։ Ինչո՞ւ է դռնապանը թույլ տվել, որ կեղծ -ոստիկանները ներս մտնեն։

Մեթ Ֆիդդես - «Հյուրանոցի ու Քիմի անվտանգության աշխատակիցների հերթական սխալը։ Նրա՛նք պետք է այնտեղ լինեին»։

5․ Դռնապանը կարո՞ղ էր իմանալ Քիմի տեղաշարժերի, նրա թիկնապահների կամ էլ այն մասին, թե ինչ է պահվում նրա բնակարանում։ Չէ՞ որ VIP հյուրանոցներում անձնակազմի համար հաճախորդի գրաֆիկն անհասանելի պետք է լինի։

Մեթ Ֆիդդես - «Շատ դժվար է ամեն ինչ լրիվ գաղտնի պահելը, եթե նման մակարդակի աստղ ես։ Ամեն դեպքում, անձնակազմը՝ դռնապանները, խոհարարները եւ այլն, միշտ գիտեն, թե ով է իրենց մոտ իջեւանում»։

6․ Ինչպե՞ս են հանցագործները իմացել, որ Քիմի անձնական թիկնապահը նրա հետ չէ այդ պահին։

Մեթ Ֆիդդես - «Ես մինչեւ հիմա դժվարանում եմ հավատալ։ Դա շատ տարօրինակ ու ոչ պրոֆեսիոնալ է։ Ըստ երեւույթին թիկնապահն արդեն ընտանիքի ընկեր էր դարձել, այլ ոչ թե աշխատող։ Նա իր գործը ձախողել էր, երբ Քիմի վրա էր հարձակվել ուկրաինացի լրագրողը։ Ի դեպ, թիկնապահը չպետք է սոցցանցերում էջ ունենա։ Մայքլ Ջեքսոնի թիկնապահները նույնիսկ իրենց կանանց ու ընկերուհիներին իրավունք չունեին պատմել իրենց աշխատանքի մասին»։

7․ Ինչո՞ւ են թույլ տվել, որ Քիմն այդքան շուտ հեռանա Ֆրանսիայից։

Մեթ Ֆիդդես - «Սովորաբար ոստիկանության հետ պրոցեդուրաների համար մի քանի օր է պահանջվում։ Տարօրինակ է, որ նրան թույլատրել են լքել երկիրը։ Քիմը գուցե ինչ- որ կարեւոր բան է մոռացել ասել, ինչ-որ մանրուք չի հիշել։ Նա պետք է ավելի երկար մնար այնտեղ»։

8․ Հիմա Ֆրանսիան վախենում է ահաբեկչական հարձակումներից, ու երկրում լարված իրավիճակ է։ Ինչո՞ւ է Քիմն իր հետ միայն երեք թիկնապահների տարել։

Մեթ Ֆիդդես - «Ես նրան առհասարակ խորհուրդ չէի տալ Ֆրանսիա գնալ։ Նրա թիկնապահները պետք է հաշվարկեին բոլոր ռիսկերը։ Նա աստղ է ու կարող է կողոպուտից ավելի սարսափելի որեւէ բանի թիրախ դառնալ»։

9․ Ինչպե՞ս է պատահել, որ հանցագործներին ոչ ոք չի նկատել ոչ սկզբում, ոչ էլ հետո, երբ նրանք փախուստի են դիմել հեծանիվներով։

Մեթ Ֆիդդես - «Մայքլի կողքին միշտ կար մեկը, որը նրան միշտ լուսանկարում էր, աստղերին նման մարդիկ պետք են հենց այսպիսի դեպքերի համար։ Հիմա կարող ես հենց քեզ վրա մինի տեսախցիկ պահել։ Սա էլ է նրա թիկնապահների ձախողումը»։

10․ Փարիզի այդ թաղամասում վերջերս աճել են բնակարանային կողոպուտները։ Ինչո՞ւ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել։

Մեթ Ֆիդդես - «Նրա թիկնապահները պետք է նախօրոք գային, ուսումնասիրեին վայրը, ավելի շատ բան իմանային։ Դա Քիմի սխալը չէ։ Նա վատ խորհրդականներ ունի»։



© NEWS.am STYLE