Քանյե Ուեսթն այլեւս չի վստահում Քիմի թիկնապահին. Պասկալ Դյուվյեն աշխատում է ռեփերի համերգներին

13:10   10 հոկտեմբերի, 2016

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելուց ուղիղ մեկ շաբաթ անց պապարացիներին հաջողվել է որսալ հայուհու թիկնապահ Պասկալ Դյուվյեին, որը կողոպուտի գիշերը եղել է Քիմի քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալի հետ Ֆրանսիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում:

Մինչ Քիմը Լոս Անջելեսում է, Պասկալը, որին փորձագետներից շատերն ուղղակիորեն մեղադրել են ոչ պրոֆեսիոնալության մեջ, աշխատում է Չիկագոյում Քանյե Ուեսթի համերգներին:

Ուեսթն իր Saint Pablo tour հյուրախաղերը վերականգնել է հայրենի Չիկագոյում համերգների շարքով: Պապարացիները Պասկալին «բռնացրել» են համերգի ժամանակ աշխատելիս:

Ինչպես հայտնում են People պարբերականի աղբյուրները, 39-ամյա ռեփերը դժգոհ է Դյուվյեի աշխատանքից եւ նրան կնոջ մոտից իր մոտ է աշխատանքի տեղափոխել:

«Քանյեն մտահոգվում է իր ընտանիքի համար: Նա առաջիկայում կորոշի՝ արդյոք իր ընտանիքը նրա ծառայությունների կարիքն ունի՞: Պասկալը դեռեւս նրանց համար աշխատում է, բայց նա անփոխարինելի մարդ չէ, նրան շատ է սիրում Քարդաշյան-Ջեններ գերդաստանը, բայց նա ընտանիքի անդամ չէ: Հնարավոր է՝ շուտով հրաժեշտ կտա Քարդաշյան ընտանիքի համար աշխատանքին»,- ասել են աղբյուրները:

Հավելենք, որ Դուվյեն Գերմանիայում գրանցված ֆիրմայի սեփականատեր է, որն անվտանգության ծառայություններ է մատուցում: Պասկալի ընկերությունը օրերս կհայտարարի սնանկացման մասին. ֆիրման վարկատուներին մոտ մեկ ու կես միլիոն դոլար է պարտք:



© NEWS.am STYLE