Լենա Ղազարյանը՝ նյույորքյան մրցույթում հաղթած «Երեւան» երգի տեսահոլովակի մասին

13:06   7 նոյեմբերի, 2016

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ X Factor, «Իմ անունն է» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանի «Երեւան» երգը հաղթել էր Նյու Յորքի DANU ռադիոկայանի հայտարարած երաժշտական մրցույթում:

Լենան մեզ հետ զրույցում նշել էր, որ երգի հեղինակը Նյու Յորքում բնակվող Արթուր Բարսեղյանն է, որի ջանքերով էլ մեր մայրաքաղաքի մասին պատմող այս ստեղծագործությունը հայտնվել էր հեղինակավոր ռադիոկայանի եթերում: Երգչուհին նաեւ տեղեկացրել էր, որ երգը դիտմամբ չի տեղադրել ոչ մի կայքում, քանի որ մտադիր է տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա:

Եվ ահա, Լենան կատարեց իր խոստումը՝ ներկայացնելով «Երեւան» երգի հիման վրա իր նոր տեսահոլովակը:

NEWS.am STYLE-ը շնորհավորեց երգչուհուն այս առթիվ եւ պարզեց երգի եւ տեսահոլովակի հետ կապված այլ մարամասներ.

«Տեսահոլովակը նկարահանել է Նիկ Էգիբյանը, մոնտաժը կատարել է Արամայիս Հայրապետյանը: Որոշեցինք այս երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ, որովհետեւ այն հաղթել էր DANU ռադիոկայանի հայտարարած մրցույթում: Այդ փաստից ոգեւորված որոշեցինք, որ այն պետք է ունենա տեսահոլովակ»:

Տեսահոլովակի նկարահանումները տեւել են երկու օր. հիմնական գործողությունները կատարվում են Երեւանի տեսարժան վայրերում:

Լենայի խոսքով՝ այս երգը հատուկ տեղ ունի իր երգացանկում.

«Այս երգն ինձ համար տարբերվում է իմ մյուս երգերից, որովհետեւ այն մեր մայրաքաղաքի մասին է: Այն իմ երգացանկում առանձնանում է թե թեմատիկ, թե ոճային առումով»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE