Հուսով եմ` հաղթանակով կգամ Հայաստան. Սեւակ Խանագյանը՝ X Factor-ի սուպերեզրափակչում հայտնվելու մասին

13:02   22 դեկտեմբերի, 2016

Ամիսներ շարունակ հայ հեռուստադիտողը լարված հետեւում է ուկրաինական X Factor նախագծին: Եվ այս ամենի միակ «մեղավորը» ազգությամբ հայ մասնակից Սեւակ Խանագյանն է, որը փուլ առ փուլ հաղթահարելով փորձություններն ու արժանանալով ժյուրիի անդամների հիացմունքին` արդեն հասել է սուպերֆինալին եւ այժմ պայքարում է հաղթողի տիտղոսի համար:

Ինչպե՞ս է Սեւակը տրամադրված այդ շատ կարեւոր եւ պատասխանատու գալա համերգից առաջ:

Երգիչն իր հույզերով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.

«Տրամադրությունս հրաշալի է:  Ամբողջությամբ պատրաստվում եմ գալա համերգին: Հուսով եմ` ամեն ինչ հրաշալի կանցնի»,-նշեց երգիչը` հավելելով, որ աջակցություն է զգում թե ուկրաինացի, թե հայ երկրպագուների կողմից.

«Առանց այդ ուժեղ եւ միասնական աջակցության ես չէի հայտնվի սուպերֆինալում: Անչափ շնորհակալ եմ բոլորից` ինձ ոգեւորելու համար: Չէ՞ որ, սա մեր բոլորիս ձեռքբերումն է: Հաղթանակի դեպքում` սա կլինի բոլորիս հաղթանակը»:

Երգչի կարծիքով` այդ հզոր աջակցության շնորհիվ հնարավոր է հասնել մաքսիմալ հաջողության.

«Կարծում եմ` նման ոգեւորության շնորհիվ ես բոլոր շանսերն ունեմ հաղթելու: Շնորհակալ եմ: Հուսով եմ` հաղթանակով կգամ Հայաստան: Անդադար ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն իմ ելույթների նկատմամբ եւ իրենց վերաբերմունքով օգնում են ինձ: Բոլորիդ մաղթում եմ ամենալավն ու բարին»:

Տեղեկացնենք, որ մինչեւ դեկտեմբերի 24-ը հեռուստադիտողը կարող է քվեարկել Սեւակի օգտին եւ հայ մասնակցին արժանացնել հաղթանակի: Դրա համար պետք է մտնել հետեւյալ հղումով, ներբեռնել տվյալ ծառայությունն ու, իհարկե, քվեարկել Սեւակի օգտին:

Դե, իսկ մրցույթի գալա համերգը կկայանա դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, որի ժամանակ էլ կամփոփվեն քվեարկության արդյունքներն ու կհայտարարվի հաղթողի անունը:

NEWS.am STYLE-ը եւս աջակցում է Սեւակին` նրան մաղթելով հաջող ելույթ եւ հաղթանակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE