Սպասում եմ հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը. Սեւակ Խանագյանի բացառիկ հարցազրուցը` X Factor-ի հաղթանակից հետո

14:10   30 դեկտեմբերի, 2016

Մեր հայրենակիցներն այս տարի բավականին լուրջ հաղթանակներ գրանցեցին միջազգային մրցույթներում` հպարտություն պարգեւելով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերիս:

Այսպիսով` ուկրաինական X Factor-ի հայ մասնակից Սեւակ Խանագյանի անունը վերջին ամիսների ընթացքում թնդում էր հայկական մեդիայում: Իսկ նրա հաղթանակին սպասում էի բոլորը: Երգիչը չհուսահատեցրեց իր հայրենակիցներին` եւս մեկ հաջողություն բերելով մեր ազգին: Երկար սպասված եւ արժանի հաղթանակի մասին Սեւակը պատմեց NEWS.am STYLE-ին:

-Սեւակ, նախ շնորհավորում ենք: Մենք Հայասանում շունչներս պահած սպասում էինք քո հաղթանակին: Հետաքրքիր է` ի՞նչ զգացիր, երբ լսեցիր, որ հենց դու ես հաղթել:

-Ողջույն: Շատ շնորհակալ եմ: Այդ ամենը շատ անսպասելի էր, բայց դե, իհարկե, նաեւ անչափ հաճելի պահ էր:

-Փաստորեն, չէի՞ր սպասում, որ կհաղթես:

-Հաղթելու հույս ունեի: Բայց, եթե անկեղծ` մինչեւ վերջին պահը չէի հավատում, որ ես եմ հաղթել:

-Հաղթանակից հետո ո՞վ քեզ առաջինը շնորհավորեց:

-Եթե խոսքը այն մարդկանց մասին է, որոնք այդ պահին կողքիս էին, ապա, իհարկե, մարզիչս: Իսկ մտերիմ մարդկանցից առաջինը շնորհավորեց  կինս:

-Հիմա, երբ նախագիծն ավարտված է, ինչո՞վ ես զբաղվում:

-Այն ամենով, ինչով զբաղվում էի նախագծից առաջ:) Կսկսեմ նոր երգեր գրել եւ դրանք հասցնել իմ լսարանին:

-Հայ երաժշտասերները անհամբեր սպասում են քո երեւանյան համերգին (Սեւակի համերգը կկայանա փետրվարի 19-ին): Արդեն պատրաստվո՞ւմ ես դրան:

-Իհարկե, արդեն սկսել եմ պատրաստվել: Այդ համերգն ինձ համար շատ կարեւոր ու պատասխանատու քայլ է: Անհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: 

-Կբացահայտե՞ս, թե ինչ անակնկալներ են սպասվում քո երկրպագուներին այդ համերգի ժամանակ:

-Այդ մասին դեռ չեմ խոսի: Եթե ներկայացնեմ բոլոր անակնկալները, ապա դրանք այդքան սպասված չեն լինի այլեւս:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE