Սպասում եմ մեր վաղվա հանդիպմանը. ուկրաինական X Factor-ի հաղթող Սեւակ Խանագյանը Երեւանում է

15:31   12 հունվարի, 2017

Տարեվերջին Ուկրաինայի տաղանդավոր հայերն ուրախացրեցին մեզ. նրանք հաղթեցին երկրի մի քանի առաջատար շոուներում: «Мастер Шеф»-ում հաղթող ճանաչվեց Հասմիկ Գասպարյանը, «Битва Экстрасенсов» շոուում՝ Սուրեն Ջուլհակյանը, իսկ X Factor-ում՝ Սեւակ Խանագյանը, որի հետ մենք զրուցել ենք ե՛ւ հաղթանակից առաջ, ե՛ւ դրանից հետո:

Հիմա Սեւակ Խանագյանը Երեւանում է: «Հավանա» համալիրում վաղը, ժամը 2:00-ին նա հանդիպելու է երկրպագուների հետ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեւակը նշեց, որ անհամբերությամբ է սպասում հանդիպմանը:

- Սեւակ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, բարի գալուստ հայրենիք: Երկա՞ր ժամանակով ես եկել:

- Եկել եմ չորս օրով, պարզապես խելագար գրաֆիկ ունեմ. հանդիպումներ, հարցազրույցներ եւ այլն: Վաղը սպասում եմ բոլորին, ովքեր հետեւել են X Factor-ում ելույթներին, սատարել են ինձ: Ուրախ կլինեմ հանդիպել երկրպագուների հետ, նաեւ երախտագիտություն հայտնելու աջակցության եւ ջերմ շնորհավորանքների համար, որ մշտապես ստանում եմ:

Սարսափելի ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու համար: Վաղը կեսօրին նաեւ հանդիպելու եմ լրագրողների հետ, իսկ երեկոյան արդեն ելույթ է ծրագրված: Ամեն ինչ հասցնելու համար ժամանակը քիչ է, իսկ հնարավորինս շատ բան անելու էներգիան ու ցանկությունը՝ մեծ: Բոլորին սիրում եմ ու սպասում վաղվա հանդիպմանը:

NEWS.am STYLE-ը ցանկանում է նշել, որ բազմաթիվ նամակներ է ստացել, որոնցում ընթերցողները հարցնում էին, արդյո՞ք Սեւակը խոսում է հայերեն: Հավաստենք. այսօր Սեւակը մեզ պատասխանեց մաքուր, գեղեցիկ, հրաշալի հայերենով:



© NEWS.am STYLE