Կյանքս 180 աստիճանով փոխվել է. Նարե Գրիգորյանն ու Արամ Շամիլյանը` NEWS.am STYLE-ի վալենտինյան ֆոտոշարքում

12:08   14 փետրվարի, 2017

2016 թ-ը երգչուհի Նարե Գրիգորյանի եւ նրա ընտրյալի` իրավաբան Արամ Շամիլյանի համար նշանավորվեց անձնական մեծ ձեռքբերումներով: Նրանք ոչ միայն հանդիպեցին միմյանց, այլեւ հենց նույն տարում կայացավ զույգի նշանադրության արարողությունը:

Օրեր առաջ էլ Նարեն եւ Արամը մեծ սիրով լուսանկարվեցին NEWS.am STYLE-ի ռոմանտիկ ֆոտոշարքում եւ կիսվեցին իրենց անկեղծ սիրո գեղեցիկ պատմությամբ:

-Նարե հիշո՞ւմ ես` ինչպես եւ որտեղ առաջին անգամ հանդիպեցիր Արամին:

-Հանդիպել ենք Կարապի լճում, որտեղ տեղի էր ունենում միջոցառում, որի ընթացքում ես պետք է մի երգ երգեի: Միջոցառումը վարում էր ընկերուհիս` Լուսինե Փիրոյանը, որը նաեւ Արամի քույրն է: Արամն էլ նախորդ օրն էր վերադարձել Միացյալ Նահանգներից եւ որոշեց Լուսինեի հետ միասին գալ Կարապի լիճ: Այդպես ծանոթացանք, ընկերացանք...

-Հրապուրանքը միմյանց հանդեպ միանգամի՞ց է ծնվել:

Նարե-Անկեղծ ասած` առաջնահերթ չեմ հրապուրվել նրանով: Սեր առաջին հայացքից չի եղել…Ընդամենը բարեւեցի, ժպտացինք, խոսեցինք մի քիչ: Չգիտեմ Արամի մոտ ինչպես է եղել, բայց իմ մտքով չէր էլ անցնում, որ մեր միջեւ զգացմունք կարող է ծնվել:

Արամ-Ճիշտն ասած` ինձ մոտ էլ առաջին հայացքից ոչինչ չի եղել, բայց երբ երգեց, հասկացա, որ շատ տաղանդավոր աղջիկ է: Մեզ մոտ ամեն ինչ փուլ առ փուլ է սկսվել:

-Միմյանց մեջ ո՞ր հատկանիշներն եք առաջին հերթին գնահատում:

Նարե-Արամի մեջ առաջնահերթ գնահատում եմ հավատարմությունը, զուսպ լինելը, դաստիարակությունը…

Արամ-Ես էլ կնշեմ Նարեի հավատարմությունը, դաստիրակությունը…

Նարե-Նկատեցի՞ք` զուսպ լինելս չնշեց (ծիծաղում է):

-Ձեր կյանքը շա՞տ է փոխվել միմյանց հանդիպելուց հետո:

Նարե-Կյանքս 180 աստիճանով փոխվել է: Մինչ Արամին հանդիպելն ավելի ինքնամփոփ եմ եղել, առանձնանում էի ինքս ինձ հետ, իսկ հիմա դրա համար  ժամանակ անգամ չունեմ:

Արամ-Նարեն իմ կյանք բերեց ուրախություն, հետաքրքրություն: Նրա հետ երբեք չես ձանձրանա:

-Նարե, հետաքրքիր է` ինչպե՞ս հայրիկդ` Սամվել Գրիգորյանն, ընդունեց իր ապագա փեսային: Ինչպե՞ս է եղել նրանց ծանոթությունը:

Նարե-Հետաքրքիր մի պատմություն հիշեցի: Երբ Արամը ինձ տուն էր բերում, դռան մոտ էր կանգնում, ներս չէր գալիս: Երբ հարցնում էի` ինչու ներս չի ցանկանում գալ, կատակով ասում էր` «դեռ մուտքի վիզան չեմ ստացել հայրիկիդ կողմից»:

Բնականաբար, մինչեւ նրանց ծանոթությունը պատմել էի Արամի մասին: Եվ այդպես նա առաջինն առաջարկեց Արամին հրավիրել մեր տուն, որպեսզի մեկ բաժակ սուրճ ըմպենք միասին, եւ նրանք կարողանան ծանոթանալ: Հանդիպումից հետո պարզեցին, որ շատ ընդհանուր ընկերներ ունեն, բավականին շատ նմանություններ գտան, ինչն ինձ շատ ուրախացրեց:

-Խանդո՞տ եք:

-Արամն էլ է խանդոտ, ես էլ: Ասում են` դա շատ սիրելով է պայմանավորված:

-Հնարավո՞ր է` ամուսնությունից հետո Արամը դեմ լինի, որ երգես:

Արամ-Իհարկե արգելելու եմ (ծիծաղում է):

Նարե-Իրականում, Արամն արդեն երկար ժամանակ է` զբաղվում է իմ պրոդյուսինգով: Նա ինձ շատ է օգնում` ինքն է զբաղվում համերգային բոլոր պայմանավորվածություններով, իմ ելույթներով: Ես, պարզապես, գնում եւ արդեն պատրաստված երգում եմ:

-Արամ, ո՞ր երգն ես ամենից շատ սիրում Նարեի կատարմամբ կամ Նարեի երգացանկից:

-Նարեի կատարմամբ շատ եմ սիրում Վարդուհի Վարդանյանի Հայաստան երգը:

-Նարե, ձեր սիրո պատմության մասին երգ արդեն ունե՞ս գրած:

-Երգեր գրում եմ, բայց երբեւէ չեմ մտածել նման երգ ստեղծելու մասին: Հետաքրքիր միտք էր: Միգուցե ժամանակը գա, եւ գրեմ այդպիսի երգ:

-Հարսանիքի մասին արդեն մտածո՞ւմ եք:

Նարե-Իհարկե, ծրագրում ենք մեր հարսանիքը, բայց դեռեւս չենք բարձրաձայնում այդ մասին: Ամեն ինչ իր ժամանակին կլինի:

-Ի՞նչ կմաղթեք սիրահարներին` սիրո միջազգային տոնի առթիվ:

Արամ-Սիրահարներին մաղթում եմ սեր ու համերաշխություն:

Նարե-Ես կավելացնեմ. միմյանց համդեպ մի քիչ ավելի ներողամիտ եղեք, փոքրիկ վեճերը մի դարձրեք բաժանության մեծ պատճառ:

-Այս պահին ի՞նչ եք ուզում ասել միմյանց:

Նարե-Ես քեզ սիրում եմ…

Արամ-Ես քեզ ավելի շատ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Դիմահարդար`  Լիկա  Գեւորգյան

Վարսահարդար` Վարդուհի Այվազյան

Նկարահանումը տեղի է ունեցել Comely նվերների խանութ սրահում



© NEWS.am STYLE