9-ամյա Աննա Գրիգորյանի հզոր ելույթը` «Հոլանդիայի Ձայնը» նախագծի եզրափակիչում (տեսանյութ)

09:15   22 ապրիլի, 2017

Երեկ հոլանդացի հեռուստադիտողները ուղիղ եթերում հետեւում էին մանկական «Ձայնը» նախագծի եզրափակիչին: Մասնակիցների թվում էր նաեւ 9-ամյա Աննա Գրիգորյանը, որը կույր լսումների ժամանակ ժյուրիի անդամներին հիացրել էր «This is a Men's World» երգի իր կատարմամբ: Փոքրիկ հայուհին նախագծի շրջանակներում նախընտրեց աշխատել հայտնի երգիչ Ալի Բիի հետ: Ալին «Մենամարտ» փուլի ժամանակ էլ տպավորվեց Աննայի ելույթով` նրան հանձնելով եզրափակիչի ուղեգիրը:

Երեկ կայացած համերգի ժամանակ Աննան ներկայացավ Ջենիֆեր Հադսոնի «And I'm Telling You» երգի կատարմամբ: Նա իր ելույթով կրկին հմայեց նախագծի ժյուրիին, սակայն հեռուստադիտողի քվեարկությամբ` մրցույթի հաղթող ճանաչվեց Ալիի խմբից Իրիսը:

Ինչ վերաբերում է Աննային, նշենք, որ նա ծնվել է Հոլանդիայում: Թեեւ աղջիկը դեռեւս երբեք չի եղել Հայաստանում, բայց վարժ տիրապետում է հայերենին:

NEWS.an STYLE-ին տված հարցազրույցում, անդրադառնալով կույր լսումների իր ելույթին, Աննան նշել էր.

«Սպասում էի, որ ժյուրիի անդամները կշրջվեին ելույթիս ընթացքում, բայց որ ծնկի կիջնեին, ոչ…Ընտրեցի Ալիին, որովհետեւ նրան ու, առհասարակ, նրա երգերը շատ եմ սիրում եւ ցանկացա աշխատել հենց նրա հետ»:



© NEWS.am STYLE