Exclusive. Մարկո Խանը` «Խոստումը» ֆիլմում թուրք պահակի դերի եւ ժապավենի կարեւորության մասին

11:08   26 ապրիլի, 2017

Երեւանում ապրիլի 24-ին, կայացավ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի` Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ փակ դիտումը, որին ներկա էին լրագրողներն ու ֆիլմի հայերեն հնչունավորումն իրականացրած դերասանները:

«Խոստումը» կինոթատրոններում հասանելի կլինի ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ` դրա մասին քննարկումները շարունակվում են: Բացի մեզ համար կարեւոր թեմայից`այն ֆիլմասերներին գրավում է աստղային կազմով, որոնց թվում են հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն եւ այլք: Ֆիլմում փոքրիկ, բայց տպավորիչ դերով հանդես է եկել նաեւ Հոլիվուդի հայազգի աստղ Մարկո Խանը, որն այնտեղ մարմնավորում է թուրք պահակի:

Նախագծի կարեւորության, իր դերի եւ նկարահանման մասին հետաքրքիր մանրամասներ Մարկոն բացահայտել է NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում.

«Սա շատ կարեւոր եւ լավ էկրանավորված ֆիլմ է, որը զերծ է բռնության եւ արյունահեղության չափից դուրս հագեցած տեսարաններից: Սցենարիստ-ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսերները շատ խելամիտ որոշում են կայացրել` ֆիլմում հնարավորինս քիչ դաժան տեսարաներ ցուցադրելով: Նախ` դա կօգնի ավելի մեծ լսարանի գրավել, որոնց թվում կլինեն նաեւ անչափահասներ: Բացի դա` հեռուստադիտողն ինքը կփորձի պատկերացում կազմել, թե ինչ է եղել: Դա իմ կարծիքով հզոր զենք է: Կարծում եմ` մեր օրերում դաժան տեսարաններով հարուստ ֆիլմերը մարդկանց շեղում են դրանցում ներկայացված իրական պատմությունից: Այսօր համացանցում շատ բան կարող ես գտնել քեզ հետաքրքրող թեմայի մասին: Եթե մարդիկ հավանեն ֆիլմը, ավելի խորը կուսումնասիրեն Հայոց Ցեղասպանության թեման»,-ասում է դերասանը` խոսելով նաեւ ֆիլմի առանձնահատկությունների մասին.

«Ըստ իս` այն մի շարք առանձնահատկություններ ունի: Նախ` դրա բյուջեն ահռելի է. այն կազմում է 100 միլիոն դոլար, որը փոխանցվել է մեր լեգենդար Քըրք Քըրքորյանի շնորհիվ: Այս նախագծի վրա իր ամբողջ ուժերն է կենտրոնացրել օսկարակիր Թերի Ջորջը, որի ջանքերի շնորհիվ ֆիլմը հանրամատչելի դարձավ, էլ չեմ խոսում դերասանական կազմի մասին` Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեք, Շարլոտ Լե Բոն, Ժան Ռենո, Ջեյմս Քրոմվել, Անժելա Սարաֆյան...նրանց շնորհիվ ֆիլմը գրավեց շատ աստղերի: Նրանց գործոնն անգնահատելի է: Այն ներկայացնում է նաեւ գեղեցիկ սիրային եռանկյունի, որի հերոսները հրաշալի կերպով համախմբվում են մեկ կարեւոր գաղափարի շուրջ»:

Մարկոն ի սկզբանե կանխատեսում էր, որ «Խոստումը» մեծ արձագանք է ստանալու.

«Մինչ ֆիլմում նկարահանվելը, զրուցել ենք Էրիկ Էսրաելյանի հետ: Ես նրան ասացի, որ եթե ֆիլմն իսկապես ցուցադրվի, այն ամենահաջողվածը կլինի Ցեղասպանության մասին նկարահանված բոլոր ֆիլմերի մեջ: Նախկինում մի քանի դերասաններ եւ ընկերություններ էին հետաքրքրված Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, սակայն աշխատանքներն ընդհատվում էին թուրք լոբբիստների պատճատով, բայց այս ֆիլմի դեպքում վստահ եմ` բոլոր դռները բաց են, եւ այժմ աշխարհին կարող ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»:

Դերասանի հետ զրուցեցինք նաեւ ֆիլմում իր մարմնավորած կերպարի մասին. պարզվում է` սկզբում Մարկոյին այլ դեր է առաջարկվել.

«Պրոդյուսերներից մեկն ինձ հետ կապ հաստատեց, եւ քանի որ նախագիծը շատ գաղտնի էր պահվում, միայն ինձ համար նախատեսված կերպարի նկարագրությունն ուղարկեցին: Սկզբում դա գյուղապետ Ստեփանն էր, սակայն հետագայում որոշվեց, որ նրան պետք է մարմնավորի շատ տաղանդավոր Ռեյդ Սերբեջիան:

Երբ ես կարդացի այդ հերոսի մասին, շատ ոգեւորվեցի, քանի որ դա մեծ դեր էր, իսկ ես շատ էի ցանկանում այդ հրաշալի նախագծի մի մասնիկը լինել, այսպիսով` ձայնագրեցի իմ տողերն ու ուղարկեցի անձնակազմին: Բայց երբ նրանցից նամակ ստացա, ինձ թվաց` ինչ-որ սխալմունք է եղել, քանի որ ինձ առաջարկեցին մարմնավորել թուրք պահակին: Փաստորեն` նույնիսկ Հայաստանի մասին ֆիլմում հայի չմարմնավորեցի: Բայց ինձ գումարը չէր հետաքրքրում, ես պարզապես ցանկանում էի լինել այդ ֆիլմում եւ իմ ներդրումն ունենալ դրա ստեղծման մեջ: Շատ շնորհակալ եմ ինձ ֆիլմում ընդգրկելու համար: Երբեմն ֆիլմի գաղափարն ավելի կարեւոր է, քան դերը»,-նշեց դերասանը` ցանկանալով նաեւ իր սրտի խոսքն ուղղել բոլոր հայերին.

«Ուզում եմ սեր ու խաղաղություն մաղթել իմ բոլոր հայրենակիցներին»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մարկո Խանի Facebook-ի էջից

 Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE