Արքայազն Չարլզին հիացրած օպերային երգչուհի Անաիս Հեղոյանը՝ Հայաստանում լինելու եւ Արթուր Գուրունլյանի հետ աշխատելու մասին (տեսանյութ)

11:03   10 հունիսի, 2017

«Դու հրաշալի ես երգում»,-այսպիսին էր արքայազն Չարլզի արձագանքը օպերային երգչուհի Անաիս Հեղոյանի կատարումից հետո: Հայ երգչուհին Ուելսի արքայազնի համար ելույթ է ունեցել Վեսթմինսթերյան պալատում՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այսօր Անաիսը Երեւանում է՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով: Ի դեպ, երգչուհու գեղարվեստական ղեկավարը Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանն է, որի հետ մեր հետաքրքիր զրույցն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը:

NEWS.am STYLE-ն առիթը բաց չի թողել եւ զրուցել է նաեւ Անաիսի հետ.

«Արթուրի հետ ծանոթացել ենք անցած ամառ՝ Լոնդոնում կայացած Armenian Street Festival-ի շրջանակներում: Նա միջոցառման գեղարվեստական ղեկավարն էր: Մենք միասին աշխատեցինք, շատ երկար ժամանակ անցկացրեցինք իրար հետ, գրեթե անբաժանելի էինք դարձել: Տեղեկանալով այս մրցույթի մասին` ես ցանկացա մասնակցել դրան, իսկ Արթուրն այստեղ չէր եղել ավելի քան 25 տարի, եւ ես մտածեցի՝ սա հրաշալի հնարավորություն կլինի միասին Հայաստան գալու համար»,-ասում է Անաիսը, որն, ի տարբերություն Արթուրի, հաճախակի է լինում հայրենիքում.

«Անցած տարի հոկտեմբերին եւս այստեղ էի, որպեսզի մասնակցեի զարմիկիս հարսանիքին: Շատ բարեկամներ ունենք Հայաստանում: Հաճախ եմ ամռանը լինում այստեղ, նաեւ մի շարք բարեգործական միջոցառումներ եմ իրականացնում»:

Իհարկե, չէինք կարող Անաիսին չխնդրել պատմել արքայազն Չարլզի առջեւ ելույթի մասին.

«Վեսթմինսթերյան պալատում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էին կազմակերպել: Մեր դեսպան Արմեն Սարգսյանն էր կազմակերպել այն եւ հենց նա էր արքայազն Չարլզին հրավիրել՝ որպես հատուկ հյուր: Շատ ուրիշ անվանի մարդիկ էլ կային այնտեղ: Ես ինձ բախտավոր եմ համարում, որ երգել եմ որպես սոլիստ: Կատարեցի հայկական հոգեւոր երգ: Հնարավորություն ունեցա նաեւ լուսանկարվելու արքայազնի հետ, եւ նա ինձ հենց այդ ժամանակ ասաց, որ հրաշալի եմ երգում: Ինձ համար դա անմոռանալի պահ էր»,-խոստովանում է հայ երգչուհին:

Անաիսը Հայաստանից մենելու է հունիսի 14-ին՝ մրցույթի ավարտից հետո, բայց տաղանդավոր հայուհին խոստանում է պարբերաբար վերադառնալ հայրենիք:

Անաիս Հեղոյանի հետ մեր ամբողջական զրույցը՝ տեսանյութում։

Զրուցեց Սյունե Առաքելյանը

Տեսանյութը՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE