Դատարանը բավարարել է Ջուսի ամուսնալուծության հայցը

16:50   26 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 26-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ջուսի ամուսնալուծության գործով դատական նիստը, որի ընթացքում դատավոր Ն․ Կարապետյանը հրապարակեց գործի վերաբերյալ վճիռը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհու շահերի պաշտպան Սերգեյ Ադիբեկյանն ասաց, որ դատարանը բավարարել է Ջուսի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը.

«Հայցը բավարարվել է, դատավորն այսօր հրապարակել է վճիռը, որի համաձայն ամուսնալուծության պահանջը բավարարվել է, բայց քաղաքացիական դատավարության ընթացակարգով՝ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, եթե բողոքարկում չլինի»,-ասաց նա։

Մեր հարցին, թե նկատե՞լ են Ջուսի ամուսնու մոտ դատարանի վճիռը բողոքարկելու կամ երգչուհու հետ հաշտվելու ցանկություն, փաստաբանը պատասխանեց, որ ոչ.

«Բայց դա նրա իրավունքն է։ Կբողոքարկի, թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա»,- նշեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ Ջուսը որեւէ գույքային պահանջ չի ներկայացրել։

Ի դեպ, Վահագն Մանուկյանն այսօր չէր ներկայացել նիստին, ի տարբերություն Ջուսի, որը ներկա էր այսօրվա դատական նիստին, ինչպես եւ՝ նախորդին։ Մեզ հետ զրույցում երգչուհին նշել էր, որ ամուսինն է իրեն վատ է պահում նիստերի դահլիճում.

«Երբ ասացի, որ ոչ մի ընդհանուր բան չունենք, նա նստած տեղից շատ վատ բաներ ասաց, ահավոր էր։ Սկսեց գոռգոռալ, ասաց՝ որ հետս քնում էիր, լա՞վ էր, որ հետս քնում էիր, ունեի՞ր ընդհանուր բան, իսկ հիմա սե՞նց...»,- նշել էր երգչուհին։



© NEWS.am STYLE