Exclusive. Բոսսոնի հայերեն սիրո խոստովանությունն ու One in a Million հիթի կատարումը՝ հատուկ NEWS.am STYLE-ի համար (ֆոտո/վիդեո)

12:35   21 սեպտեմբերի, 2017

«Հայաստանում շատ լավ է: Տարօրինակ է, որ նախկինում չէի եղել այստեղ, որովհետեւ ձեր հարեւան շատ երկրներում եմ եղել»,-ասում է շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը, որն օրերս ժամանել է Երեւան: One in a Million հայտնի հիթի հեղինակ-կատարողն այստեղ է մոսկվաբնակ հայ երգիչ Էդգարի հետ համագործակցության նպատակով: Երեկ Բոսսոնը ներկա էր երգչի ձայնասկավառակի շնորհանդեսին, իսկ վաղն արդեն նկարահանելու են տեսահոլովակ համատեղ զուգերգի հիման վրա: Չնայած խիտ գրաֆիկին՝ շվեդ երգիչը սիրով ժամանակ գտավ եւ պատասխանեց NEWS.am STYLE-ի հարցերին: Նա նաեւ խոսեց հայերեն եւ իր հայտնի հիթը նվիրեց հայուհիներին :)

«Շատ եմ լսել Հայաստանի մասին: Գիտեմ, որ One in a Million երգն այստեղ էլ է ժամանակին հիթ եղել: Հայ ընկերներ ունեմ թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Շվեդիայում: Ինչ վերաբերում է Հայաստանից ստացած տպավորություններիս, կարծում եմ՝ այստեղ շատ հանգիստ է, շատ հեշտ հարմարվեցի ամեն ինչին: Գիտեի, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, քանի որ Շվեդիայում մի հարեւան ունեմ Իրանից: Երբ նա իմացավ, որ պետք է գամ Հայաստան, պատմեց, թե որքան գեղեցիկ է այստեղ: Ճիշտ է՝ Երեւանից դուրս դեռ չեմ եղել, բայց քաղաքն արդեն շատ գեղեցիկ է, ինչպես նաեւ շատ եմ հավանել այստեղի սնունդը: Հատկապես շատ եմ հավանել լավաշն ու այստեղի մսեղենը: Բանջարեղենն էլ շատ թարմ ու համեղ է»,-ասում է երգիչը՝ խոսելով նաեւ իր եւ Էդգարի համագործակցության մասին.

«Հայաստան ինձ բերել է Էդգարի հետ դուետը: Ռուսաստանում մի հաղորդաշարից հետո ենք հանդիպել եւ մտածել համագործակցելու մասին: Ռեստորանում նստած քննարկեցինք տարբեր ծրագրեր, եւ նրանք հարցրեցին՝ արդյոք պատրա՞ստ եմ համագործակցել: Հաջորդ հանդիպման ժամանակ նա ինձ համար նվագեց իր նոր երգը, եւ ես այն շատ հավանեցի: Մի փոքր փոփոխությունների ենթարկեցինք եւ որոշեցինք այն միասին կատարել: Էդգարը ռուսերեն է երգում, իսկ ես իմ հատվածը գրեցի անգլերենով, հետո ձայնագրվեցի Շվեդիայում եւ ուղարկեցի նրան: Այս շաբաթվա վերջ պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել այս երգի հիման վրա: Հայաստանում մասնակցելու եմ  նաեւ մի քանի հեռուստածրագրերի, որոնցից մեկը «ֆուլ Հաուս»-ն է»:

Բոսսոնը հաճախ է համերգներով հանդես գալիս Ռուսաստանում, ինչի արդյունքում արդեն որոշ ռուսերեն բառեր սովորել է, ասում է՝ հայերեն դեռ չի հասցրել սովորել, բայց ամենակարեւոր նախադասությունն, այնուամենայնիվ, հեշտությամբ սովորեց.

«Բարեւ, ես քեզ սիրում եմ: Հրաշալի է հնչում, պետք է անպայման հիշեմ»,-ասում է երգիչը, որն, ի դեպ, հիացած է նաեւ հայ աղջիկների գեղեցկությամբ.

«Իմ ճանաչած հայ աղջիկները բոլորն էլ գեղեցիկ են: Գիտեք՝ Շվեդիայում աղջիկների մեծամասնությունը շիկահեր է, իսկ ինձ համար սեւահեր եւ մուգ աչքերով աղջիկները էկզոտիկ են, ինձ դուր են գալիս նման արտաքինով կանայք»:

Մինչ այստեղ գալը երգիչը որոշ բաներ գիտեր Հայաստանի մասին, իսկ երբ հաստատվեց նրա այնցն այստեղ, ավելի շատ բաներ սկսեց սովորել.

«Գիտեմ, որ հրաշալի ըմբշամարտիկներ ունեք, աշխարհում շատ տաղանդավոր հայեր կան: Բայց երկրի մասին այդքան շատ բան չգիտեի, մինչեւ այստեղ գալս եմ շատ բաներ կարդացել: Ինձ նաեւ դուր են գալիս ձեր եվրատեսիլյան երգերը: Եթե չեմ սխալվում, հաճախ շվեդների հետ եք համագործակցում: Երեւանը Սթոքհոլմին եմ նմանեցնում»,-նշեց նա, իսկ վերջում իր հայտնի՝ One in a Million երգը նվիրեց հայուհիներին:)

Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Արթուր Ղահրամանյան

Լուսանարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE