Արամեն, Հայկոն, Մհերը, Սոնան եւ այլք՝ Իոսիֆ Կոբզոնի հետ միեւնույն բեմում (ֆոտո/վիդեո)

10:20   24 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգը՝ հայ աստղերի մասնակցությամբ, որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

Երգիչներ Մհերը, Հայկոն, Արամեն, Էրիկը, Սոնան, Աննա Թաշչյանը, Սոնա Շահգելդյանը, Ռուսլանը եւ համերգի կազմակերպիչ Արտակ Թովմասյանը ելույթ ունեցան՝ կատարելով հայ հեղինակների հիթեր:

Իոսիֆ Կոբզոնն իր երեւանյան համերգի համար ընտրել էր յուրօրինակ երգացանկ. նա կատարեց XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Համերգի ընթացքում Կոբզոնին ընկերակցեց նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ նվագելով իր հայտնի ստեղծագործություններից երկուսը:

Կոբզոնն իր խոսքում անդրադարձավ համերգից առաջ Երեւանում կազմակերպված մամուլի ասուլիսին՝ նշելով, որ վրդովված է հայ լրագրողներից. «Չեմ սիրում լրագրողներին, բայց ինձ թվում էր՝ հայ լրագրողներն ուրիշ են, բայց՝ ոչ: Այլեւս երբեք նրանց հարցազրույց չեմ տա»,- ասաց երգիչը՝ ներողություն խնդրելով առաջին տիկնոջից, որ իր խոսքերը, իբրեւ թե, լրագրողները սխալ են արտատպել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից մի շարք արտիստների կոչումներ տալուց հետո համացանցում ծավալված քննարկումների կապակցությամբ Իոսիֆ Կոբզոնին լրագրողները հարց են ուղղել՝ ինչպես է նա վերաբերվում դրան, ինչին ի պատասխան՝ Կոբզոնն ասել է. «ՀՀ առաջին տիկնոջը բազմաթիվ անգամներ խնդրել եմ՝ այս կամ այն արտիստին կոչումներ տալ, կարող եմ հիմա էլ խնդրել»:

Բայց վերադառնանք համերգին, որը բարեգործական բնույթ էր կրում: Տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է երեխաների օգնությանը: Համերգի հետաքրքիր դրվագները՝ մեր ֆոտոռեպորտաժում:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE