«Իմ սպասումներն ավելի շատ էին». Գոհար Հարությունյանը՝ «Միսս Արմենիա 2017» մրցույթի եւ հաղթողի մասին

12:03   25 սեպտեմբերի, 2017

«Լիլին շատ կաշկանդված է, շատ պարփակված, նաեւ պետք է աշխատի իր քայլվածքի վրա: Այդ կաշկանվածության պատճառով նա քիչ է ժպտում, բայց շատ գեղեցիկ է. կհասցնենք նրա հետ աշխատանք տանել»,-անդրադառնալով երեկ՝ սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին, նշեց «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը:

«Գումարային մրցանակ չկա, քանի որ դատական գործընթացների մեջ էինք: Շատերս սպասում էինք, թե որքանով մրցույթն արդարացված կլինի, թե որքանով կկարողանանք բարձրացնել մրցույթի հեղինակությունը; Ստացվեց, թե ոչ՝ դատեք ինքներդ (ժպտում է): Ես շատ կցանկանայի, որ մրցանակային ֆոնդը շատ ավելի մեծ լիներ, բայց մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ անգամ մրցութային ծախսերը շատ դժվար է հոգալ»,-լրագրողների հետ զրույցում հավելեց Գոհարը՝ անդրադառնալով նաեւ մրցույթի մյուս մասնակիցներին.

«Ես բոլոր մասնակիցներին ասում էի, որ ժպտան, շատ քիչ էին ժպտում: Իմ սպասումներն ավելի շատ էին: Ամենալավն ու ամենագեղեցիկը, իմ կարծիքով, ներկայացավ Արմինե Մանուկյանը, որը բալետի պարուհի է: Նա բեմի վրա իրեն շատ լավ էր զգում եւ ժպտում էր այնպես, ինչպես իրական գեղեցկուհին պետք է ժպտա:

Մնացած մասնակիցներն ավելի կաշկանդված էին: Բայց անհատական դրսեւորումները ողջունում եմ, քանի որ նրանց ասել էի, որ պետք է ցույց տան իրենց խարիզման եւ անհատականությունը: Այնուամենայնիվ, գեղեցկության մրցույթների ժամանակ այնքան էլ ճիշտ չէ սեքսուալ լինելը: Բեմում պետք է լինի բարություն, անկեղծություն, անհատականություն, բայց չլինեն ավելորդություններ»,-ասում է գեղեցկուհին, որն ուներ մրցույթում իր ֆավորիտները, թեեւ անուններ չնշեց.

«Ինձ համար մրցույթում մի քանի ֆավորիտներ կային, նաեւ նրանց ցանկում, որոնք տասնյակում հայտնվեցին, բայց հնգյակ չմտան»,-նշեց Գոհարը.

«Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջեւ: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, ես կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»,-եզրափակեց գեղեցկուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE