«Չհասկացա, թե ինչ կատարվեց». Լիլի Սարգսյանը՝ թագի, քննադատությունների եւ «Միսս աշխարհ» մրցույթի մասին

10:45   28 սեպտեմբերի, 2017

«Թագի հետ կապված ամեն բան արդեն հարթվել է, ես նույնիսկ չհասկացա, թե ինչ կատարվեց, այնքան հուզված էի ու երջանիկ իմ հաղթանակով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Նշանակու՞մ է սա, արդյոք, որ թագը պատրաստած ընկերությունը վերադարձնելու է մրցույթից հետո աղջկանից վերցրած գլխազարդը, Լիլին չմանրամասնեց, միայն ասաց, թե թագի վերաբերյալ այսօր լրացուցիչ հայտարարություն կարվի կազմակերպիչների կողմից:

Խոսելով իր հաղթանակի մասին, Լիլին նշեց. «Ես շատ հուզված էի, առաջին անգամ էի այդպիսի բեմում, ու հուզմունքս շատ մեծ էր, իսկ երբ հայտարարվեց, որ ես եմ հաղթել, այն կրկնապատկվեց: Երազի նման էր, նույնիսկ շատ բաներ չեմ հիշում: Ծնողներս են եղել դահլիճում, ովքեր նշում են, որ շատ լավ էր ամեն բան, եւ վայելել են շոուն: Իմ կյանքում սա շատ կարեւոր իրադարձություն էր: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր կազմակերպեցին այս շոուն, որի արդյունքում իմ կյանքը մի վայրկյանում փոխվեց»:

Լիլի Սարգսյանը համաձայն է, որ մրցույթը որոշ թերություններ է ունեցել.

«Պրոֆեսիոնալ ռեժիսոր է աշխատել իր թիմով, բայց նման մասշտաբի մրցույթ ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած քննադատություններին, ապա 17-ամյա «Միսս Արմենիան» դրանց պատրաստ է եղել.

«Աղջիկներից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է: Թե իմ, թե նրանց հասցեին լսում եմ քննադատություններ, բայց մենք դրանց պատրաստ էինք, բոլոր տարիների «Միսս Հայաստանների» ժամանակ դրանք եղել են, ուղղակի նրանցից ոմանք այդ քննադատություններից հուսահատվում են, ոմանք, հակառակը, ավելի ուժեղանում եւ, ի վերջո, վաստակում բոլորի սերը»:

Լիլի Սարգսյանն այժմ պատրաստվում է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ը՝ Չինաստանում:

«Տեսանյութ ենք նկարել, որտեղ ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս, որը ուղարկելու ենք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, անգլերենս եմ ավելի զարգացնում, մրցույթի համար հագուստ են ընտրում, մարզվում եմ, շատ հագեցած է օրս անցնում: Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը»։

Զրուցեց՝ Շ. Շուշան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE