«Չեմ հասկանում հայերեն, բայց երգում եմ Կոմիտաս». բրիտանական The Voice-ի ֆինալիստ Էշլի Մորգանը՝ Հայաստան այցի եւ հայ երգիչների մասին (ֆոտո/վիդեո)

11:05   29 սեպտեմբերի, 2017

«Շատ եմ սիրում Հայաստանը, այստեղ արդեն երրորդ անգամ եմ: Առաջին անգամ տասը տարի առաջ եմ եղել, իսկ վերջին անգամ Հայաստան եկել եմ այս տարվա մայիսին»,-ասում է բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը, որն այս օրերին Հայաստանում է: NEWS.am STYLE-ը երգչին հանդիպեց երեկ՝ Հասմիկ Կարապետյանի «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսին: Լրագրողների հետ զրույցում բրիտանացի երգիչը պատմեց, թե ինչն է իրեն բերել Հայաստան, ինչպես նաեւ սիրով մեզ համար կատարեց Կոմիտասի «Վայ-վայ» եւ «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունները.

«Մայիսին Հայաստանում լինելու ընթացքում հանդիպեցի Ալլա Լեւոնյանին, Հասմիկ Կարապետյանին, ինչի առթիվ շատ ոգեւորված էի: Այս առավոտ եմ ժամանել Հայաստան՝ հատուկ այս իրադարձությանը մասնակից լինելու համար»,-ասում է երգիչը՝ հավելով, որ սիրահարված է հայկական մշակույթին, հատկապես՝ երաժշտությանը.

«Տարիներ առաջ ծանոթացա Հովիկ Ազարյանի հետ: Նա Բրիտանիայից է: Մենք ընկերացանք, ու նա ինձ ծանոթացրեց հայկական մշակույթին, ինչի շնորհիվ շատ սիրեցի հայկական երաժշտությունը: Դրանից հետո սկսեցի լսել Հասմիկի, Ալլայի, Սիրուշոյի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Ռազմիկ Ամյանի եւ մյուսների ստեղծագործությունները»,-ասում է նա:

Երգիչը Հայաստանում մասնակցել է նոր հաղորդաշարի նկարահանումներին, որի հաղորդավարուհին Հասմիկ Կարապետյանն է.

«Հայաստանում մասնակցել եմ Car Toot Karaoke-ի նկարահանումներին: Հաղորդման իմաստն այն է, որ ես հայ երգիչների երգերից հատվածներ եմ սովորում ու երգում նրանց հետ: Նկարահանվել եմ 6-7 հաղորդման մեջ՝ Ալլա Լեւոնյանի, Հասմիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի, Ռազմիկ Ամյանի եւ այլ հայ աստղերի հետ: Բացի հաղորդումից՝  նաեւ կատարել եմ Կոմիտասի մի քանի ստեղծագործությունների cover տարբերակները, եւ կարծում եմ՝ սրանք շատ գեղեցիկ ստեղծագործություններ են: Դրանք կատարելու եմ Կոմիտասին նվիրված համերգի ժամանակ: Չեմ հասկանում հայերեն,  հատկապես դժվար եմ արտաբերում «ղ» հնչյունը, բայց երգում եմ: Հուսով եմ՝ հետագայում էլ ձայնագրություններ կունենամ Հասմիկի եւ Ալլայի հետ, նաեւ իմ երազանքն է Սիրուշոյի հետ երգելը: Սիրում եմ Սիրուշոյին, հատկապես, նրա  «ՊռեԳոմեշ» երգը: Սիրում եմ հայկական երաժշտությունը, ուտեստները, կառույցներն ու Արարատը»,-ասում է Էշլին՝ տեղեկացնելով, որ եւս մի քանի օր կլինի Հայաստանում.

«Այստեղ կլինեմ եւս 5 օր, բայց հույս ունեմ, որ էլի կվերադառնամ»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE