Արծաթագույն հագուստ, փետուրներ եւ լայն ուսեր. դիզայներ Ջուլի Խանջյանը՝ սեզոնի թրենդների եւ հակաթրենդների մասին

15:05   4 հոկտեմբերի, 2017

Համաշխարհային ներաձեւության ցուցադրություններն արդեն բացահայտել են 2017 թ-ի աշնան եւ ձմռան թրենդային look-երը: Նորաձեւության մեջ որոշ դետալներ ավելացել են, որոշները՝ դարձել հակաթրենդներ: Սեզոնային թրենդների եւ հակաթրենդների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է դիզայներ Ջուլի Խանջյանի հետ, որի սեքսուալ հագուստները երեւացել են նաեւ Լիլիթ Մարտիրոսյանի եւ Իջինի հետ իրականացրած մեր ֆոտոշարքերում: Յուրահատուկ եւ համարձակ ոճ ունեցող երիտասարդ դիզայները նաեւ բացահայտել է սեքսուալ եւ կանացի լինելու գաղտնիքները:

«Միգուցե շաբլոն հնչի, բայց սեքսուալ ու կանացի լինելը միայն հագուստից կախված չէ: Շատ բան գալիս է տվյալ հագուստը կրողից: Սակայն ինձ համար կարեւոր կանոն է, որ մարմնի մեկ հատվածը պետք է բաց լինի: Եթե որոշել եք մարմնի ինչ-որ հատված ցույց տալ, ապա դա արեք ի օգուտ ձեր կազմվածքին:  Բացի այդ՝ հագուստը պետք է լինի ձեր չափսով: Հագնվեք առիթին եւ օրվա ժամին համապատասխան»,-ասում է Ջուլին՝ հավելելով, որ վերջին շրջանում հայ երիտասարդները սկսել են ավելի ոճային հագնվել.

«Մեր երիտասարդության մեջ շատ մեծ պրոգրես եմ տեսնում: Բավականին շատացել են նորաձեւ ու հետաքրքիր մարդիկ: Չնայած դրան՝ հաճախ եմ տեսնում «տոնական» տեսքով ուսանողուհիների: Ուղղակի խորհուրդ կտամ, որ չմոռանան, թե ուր են գնում ու ինչի համար են գնում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:

Դիզայները նաեւ մանրակրկիտ ներկայացրեց, թե որոնք են այս սեզոնի հիմնական թրենդները.

Թերենդ N1. Արծաթագույնը նոր սեւն է

Այս աշնանն ու ձմռանը ֆուտուրիստական շունչ կզգացվի մետալիկ, փայլուն արծաթագույն լուքերի շնորհիվ: Սա վերաբերում է թե՛ հագուստին, թե՛ կոշիկներին: Ասվածի վառ օրինաիկներից են Chanel-ի եւ Saint Laurent-ի աշուն/ձմեռ հավաքածուները:

Թրենդ N2. Ամբողջովին կարմիր

Այս սեզոնի ամենաթրենդային գույներից է վառ կարմիրը: Շատ դիզայներների look-եր ոտքից գլուխ այդ երանգի մեջ են:

Թրենդ N3. Փետուրներ

Երեկոյան զգեստների գլխավոր տարրերից են փետուրները:

Թրենդ N4. Լայն ուսեր

Լայն ուսերով պիջակներն ու վերարկուները եւս դոմինանտ են այս սեզոնին: Դիզայներներից շատերը դրանք համադրում են գոտիներով, որպեսզի մեջքն ավելի ընդգծվի: Ի դեպ, գոտիների մեջ եւս լայն տեսակն է ավելի նորաձեւ:

Թրենդ N5. Ուռած բաճկոններ

Այս սեզոնին նորաոճ են նաեւ ուռած բաճկոնները, որոնք խորհուրդ է է տրվում հագնել հետաքրքիր գունային համադրություններով: Հատկապես աչքի է ընկնում կապույտի ու սեւի համադրությունը:

Չմոռացանք խոսել նաեւ հակաթրենդների մասին.

«Ինչ վերաբերում է սեզոնի հակաթրենդներին, ապա, ըստ նորաձեւության փորձագետների, պետք է հրաժարվել նեղ ջինսերից, գիշերանոցային ոճից եւ չոկերներից: Սակայն հարկ է նշել, որ սրանք միայն նորաձեւության աշխարհում են համարվում հին թրենդներ, իսկ առօրյայում ցանկացողները կարող են առանց մտածելու շարունակել կրել վերը նշված հագուստն ու աքսեսուարները»,-եզրափակեց դիզայները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE