Դերասանուհի եւ «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսակիր Արմինե Մանուկյանն իր գեղեցիկ կազմվածքի մասին

16:37   18 հոկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ի «Հմայքի գաղտնիքներ» խորագրի այսօրվա հերոսուհին «Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի, բալետի պարուհի եւ «Չորրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսակիր Արմինե Մանուկյանն է: Նա հատուկ մեր ընթերցողների համար բացահայտեց իր հմայքի եւ նրբագեղության գաղտնիքները՝ կիսվելով իր օրվա ռեժիմով եւ սննդակարգով.

«Օրս սկսվում է դառը սեւ սուրճով: Առավոտյան ոչինչ չեմ ուտում. գիտեմ, որ սխալ է, պարտադիր պետք է մի բան ուտել, բայց, ցավոք, նույնիսկ ստիպելով չի ստացվում ինչ-որ բան ուտել: Ցերեկն ուտում եմ այն, ինչ սիրտս ցանկանա՝ կլինի արագ սնունդ, միրգ կամ շոկոլադ: Սննդակարգս փոքր-ինչ անկանոն է, քանի որ օրս շատ հագեցած է, եւ սնվելուս հատուկ ուշադրություն չեմ դարձնում, այդ է պատճառը, որ կոնկրետ ուտելիք չկա, որ ցերեկվա ժամին ուտեմ: Երեկոյան, եթե աշխատանքից շուտ եմ վերադառնում տուն, ուտում եմ մայրիկիս պատրաստած համեղ ուտեստները, իսկ եթե ներկայացման եմ լինում, կամ նկարահանման, դրսում եմ սնվում»,-ասում է Արմինեն՝ հավելով, որ ավելորդ քաշի հետ խնդիրներ երբեք չի ունեցել:

«Քանի որ բալետի պարուհի եմ, երբեւիցե կարիք չեմ ունեցել դիետա պահելու, որովհետեւ ամեն օր մարզվում եմ եւ ավելորդ կիլոգրամներ չեմ հավաքում: Միեւնույն ժամանակ՝ ուտում եմ ամեն ինչ»:

Գեղեցկուհին նաեւ կարեւորում է ժամանակին քնելը.

«Առհասարակ, սիրում եմ շուտ քնել՝ 22:00-ին: Բայց լինում են դեպքեր, երբ ներկայացումը կամ նկարահանումն ուշ է վերջանում, եւ քնելուս ժամը խախտվում է»:

Թեեւ հատուկ դիետաներ չի պահում, այնուամենայնիվ, կան ուտեսներ, որոնք Արմինեն բացառում է իր սննդակարգից.

«Չեմ ուտում այն ուտեստները, որոնց բաղադրության մեջ կա սոխ կամ սխտոր»:

Արմինեն կարեւորում է կնոջ խնամված լինելը՝ ցանկացած պարագայում.

«Իմ կարծիքով՝ կինը պետք է ունենա գեղեցիկ կազմվածք եւ խնամված տեսք: Աղջիկներին եւ կանանց խորհուրդ կտամ միշտ հետեւել իրենց արտաքին տեսքին եւ կազմվածքին՝ անկախ տրամադրությունից»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE