Դիզայներ Հայկ Ավանեսյանն իր նոր հավաքածուի շուրջ բարձրացած աղմուկի մասին (ֆոտո/վիդեո)

12:05   4 դեկտեմբերի, 2017

Մի քանի օր շարունակ ուկրաինական լրատվամիջոցների աշխարհիկ քրոնիկոններն անդադար գրում էին դիզայներ Հայկ Ավանեսյանի առաջացրած իրարանցման մասին, որը Կիեւում ներկայացրել էր Hayk Avanesyan գարուն/ամառ 2018 նոր հավաքածուն։

Ցուցադրությունը փակ էր, իսկ հաջողությունը՝ ցնցող, քանի որ տեղական մամուլում տաղանդավոր հային սկսել են կոչել «ուկրաինական Էլի Սաաբ»։

Հավաքածուի ցուցադրության մեխն ու ամենաշատ քննարկված պահը մոդել Էմի Գրեյսի հայտնությունն էր, որի ներկայացրած հիասքանչ անսամբլը գրավել էր ուկրաինական ամբողջ բոմոնդի ուշադրությունը։ NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Հայկ Ավանեսյանի հետ.

«Ստեղծելով այդ զգեստի մոդելը՝ ես արդեն պատկերացնում էի, թե ինչ դժվար աշխատանք է լինելու։ Աշխատանքը շատ ծավալուն ու նուրբ էր։ Զգեստը գրեթե ամբողջությամբ ձեռքով է հավաքված մի քանի կիլոգրամ ուլունքից։

Երբ դեռ նոր էի էսքիզներ անում, ես ամբողջովին պատկերացնում էի այդ կերպարը ու հստակ գիտեի, որ այդ զգեստը ցուցադրության ժամանակ սեւամորթ մոդել է ներկայացնելու։

Եվ մոդելների քասթինգի ժամանակ իմ ընտրությունը կանգ է առել պոպուլյար մոդելի վրա, որը «Ուկրաինական թոփ մոդել» նախագծի ամենավառ մասնակիցներից մեկն է՝ հիասքանչ Էմի Գրեյսին։

Ու ես շատ գոհ եմ արդյունքից եւ ուրախ եմ, որ Էմին ցույց տվեց այն բոլոր էմոցիաները, որոնք ես ուզում էի փոխանցել։ Չեմ կարող չնշել, որ սանրվածքի ու շպարի համար պատասխանատու էր Իրինա Խոմյակովայի շպարի դպրոցը»։

Պարույր Սինյավսկի

Տեսանյութը՝ Pozhidaev team production-ի



© NEWS.am STYLE