Սիլվի Վարդանն ու Անդրե Մանուկյանը՝ Ջոնի Հոլիդեյի մասին

12:35   6 դեկտեմբերի, 2017

Ֆրանսիական մամուլն անդադար գրում է ֆրանսիացի հայտնի ռոք առասպել Ջոնի Հոլիդեյի մասին, որը մահացել է այսօր՝ 74 տարեկանում։ Երգիչը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։

Ֆրանսիայի հանրահայտ մարդիկ ու քաղաքական գործիչները ցավակցում են ու արտիստի մասին իրենց հուշերը պատմում։ Իր զգացմունքների մասին առաջինը խոսել է Ջոնիի առաջին կինը՝ Սիլվի Վարդանը։

«Իմ սիրտը, ինչպես եւ Ֆրանսիայի սիրտը, կոտրված է»,- ասել է Սիլվին  Radio France-ին տված հարցազրույցում։

Ջոնին 1965-ին ամուսնացել է Սիլվի Վարդանի հետ, որի հետ ամուսնությունը տեւել է մինչև 1980 թ։ 1966-ին ծնվել է զույգի որդին՝ Դեւիդը։

Լոքոնվիլում կայացած հարսանիքին, որը Սիլվին ու Ջոնին ուզում էին գաղտնի անցկացնել, ներկա է գտնվել  (հոգեւորականների խոսքով) մոտ 2000 երկրպագու։  Զույգը ծանոթացել է 1962-ին՝ ռոք համերգի ժամանակ։ Երկուսն էլ նոր էին սկսում իրենց կարիերան, նրանց միջեւ սկսվել է բուռն սեր, որն ավարտվել է «դարի հարսանիքով», իսկ նրանց որդու՝ Դեւիդի ծնունդն անվանել են «արքայազնի ծնունդ»։

Երաժիշտ Անդրե Մանուկյանը Radio France-ին տված հարցազրույցում ասել է, որ Ջոնի Հոլիդեյն ապրել է իսկական ռոք երաժիշտի կյանք՝ հետեւելով «սեքս, թմրադեղեր, ռոք-ն-ռոլ» կարգախոսին։

«Ջոնին իսկական ռոք երաժիշտ էր։ Նա սատանայի պես տաղանդավոր էր։ Ու ազնիվ։ Ազնիվ ամեն ինչում՝ կանանց, իր բեմական գործընկերների հանդեպ վերաբերմունքում, բայց շատ խիստ իր հանդեպ՝ մասնագիտական առումով։ Ֆրանսիան կորցրել է իսկական կուռք, որը ժամանակին այնքան մեծ ազդեցություն ուներ երիտասարդության վրա, որ նրա խոսքը նույնիսկ կարող էր կանխորոշել երիտասարդության ընտրությունը 60-70-ականների քաղաքական ընտրություններում։ Նրա կարիերան արտասովոր է եղել։ Նա ամաչկոտ էր շփման մեջ ու կրքոտ՝ բեմում։ Մեծ կորուստ է Ֆրանսիայի համար»,- նշել է Մանուկյանը։

 

 



© NEWS.am STYLE