Իմ պատմությունը. ինչպե՞ս մեկ տարում 42 կգ նիհարել կամ կյանքը զրոյից 30 տարեկանում (ֆոտո)

22:13   26 ապրիլի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը, իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

Նշենք, որ հեղինակներն իրենք են որոշում՝ բացահայտե՞ն իրենց անունը, թե՞ ոչ: Նախորդ պատմությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ընթերցողների շրջանում: Իսկ այսօր ձեր ուշադրությանը ներկայացվող պատմությունն անանուն չէ: Ավելին, դրա հեղինակը մեր խմբագրություն չի գրել: Անին, ով NEWS.am STYLE-ում վարում է նիհարողի օրագիրը, նրա հետ ծանոթացել է համացանցով եւ խնդրել ներկայացնել իր հաջողության գաղտնիքները:

«Ես նայեցի հայելու մեջ: 112 կգ էի կշռում եւ իմ կյանքը ք… էր՝ այս բառի իսկական իմաստով: Ես տգեղ, գեր աղջիկ էի: Անձնական կյանքում քաոս էր տիրում, որը գլխավորում էր Ապագա Սկեսուրս, ով մի երազանք ուներ. որ ես բեռնատարի տակ ընկնեմ: Այս ամենը հանդուրժում էի երկու պատճառով. հիմար էի, դե՝ նաեւ գեր: Ի՞նչն էր այն ժամանակ ավելի վատ, հարգելի ընթերցող, չեմ կարող ասել: Ամեն անգամ, սիրելիիս հետ հերթական վիճաբանությունից հետո, ես հպարտորեն նստում էի սառնարանի առջեւ եւ սկսում դուրս գալ սթրեսից: «Ուտելիք, դու իմ փրկությունն ես»,- մտածում էի՝ կուլ տալով սառնարանի պարունակությունը:

Սառնարան. այն ինձ համար փրկություն էր: Ամեն գիշեր այն իր հյուրընկալ դռներն էր բացում: Ես նստում էի դրա առջեւ եւ սկսում ուտել: Ուտում էի այնքան, որ ինքս էլ արդեն չէի հիշում, թե ինչից եմ սկսել: Ինքս ինձ հանգստացնում էի նրանով, որ ավելի վատ արդեն չի լինի եւ, հերթական հացի վրա մայոնեզ լցնելով՝ սկսում էի երշիկ կրծել: Արդյունքում, երեք ՕԴԶ-ի մեկամսյա պաշարն ուտելուց հետո հանգիստ գնում էի քնելու՝ ճանապարհին ինձ խոստանալով, որ վաղվանից դիետա եմ սկսելու: Քնելուց առաջ երազում էի այլ կյանքի մասին, որում ես բարետես եմ, երջանիկ եւ գեղեցիկ: Բայց դրանք միայն երազանքներ էին: Իսկ հաջորդ օրն ամեն ինչ կրկնվում էր: Եվ այսպես՝ անընդհատ:

Անկեղծ, դրանից հետո տրամադրությունս բարձրանում էր, իսկ ահա քաշիս վիճակն այնպիսին էր, որ հեշտությամբ կարող էի համալրել սումոյի Ճապոնիայի հավաքականը:

Ես նայեցի հայելու մեջ: 29 տարեկան էի: Ո՛չ անձնական կյանք, ո՛չ սեր, ո՛չ գեղեկցություն: Միայն ճարպ, ցելյուլիտ եւ փշրված երազներ: Ինքս ինձ խղճացի: Նույնիսկ աչքերս լցվեցին:

«Պատրաստվում ես արտասվե՞լ»,- քինոտ հարցրեց իմ արտացոլանքը:

«Ո՛չ»,- ծամածռվեցի ես:- «Բոլորին կապացուցեմ, որ կարող եմ անել այն ամենը, ինչ ԵՍ ցանկանում եմ»:

«Իսկ ի՞նչ ես ցանկանում»,- հարցաքննությունը շարունակեց ներքին որդը:- «Շուտով 30 տարեկան կդառնաս»:

«Ցանկանում եմ… 50 կգ նիհարել, գտնել իմ սերը, ապրել Նյու Յորքում: Ցանկանում եմ դառնալ սեքսուալ, ցանկանում եմ հայտնի լինել»,- կտրուկ ասացի ես՝ միաժամանակ քննադատաբար ուսումնասիրելով ինքս ինձ եւ մտածելով, որ, թերեւս, հոգեբույժի մոտ գնալու ժամանակն է: Ամեն դեպքում:

Հայելու մեջ արտացոլանքը փռթկաց եւ լռեց: Հոգեբույժի այցելության հարցում, կարծես, հարկավոր է շտապել: Մոռացա ասել, 5 տարի շարունակվող իմ սիրավեպն ավարտվեց ձախողմամբ. նրա մայրը հաղթեց: Անկեղծ ասած, այդ 5 տարիներն իրենցն արեցին, գումարած՝ 30 կգ եւ քայքայված նյարդային համակարգ: Այս բեռով էլ որոշեցի փոխել կյանքս: Արմատապես: Ավելացրեք նաեւ ֆինանսական խնդիրները:

Եթե անկեղծ լինեմ, կամրջից նետվելու ճիշտ ժամանակն էր: Այստեղ, իհարկե, ընտրություն կար. Կիեւյանի, Դավիթաշենի կամուրջ կամ պատերազմ: Պատերազմ ամբողջ աշխարհի դեմ:

Քանի որ կամուրջները խոստանում էին դեռեւս 50-60 տարի կանգնել, ապա ձեր խոնարհ ծառան որոշեց կամրջից նետվելն անորոշ ժամանակով հետաձգել: Եվ ճակատամարտ տալ:

Սկզբի համար որոշեցի նիհարել: Իհարկե, ես դա փորձում էի անել բոլոր 29 տարիներին: Թայլանդական, չինական հաբեր էի կուլ տալիս, Հալեպից բերված թեյ էի խմում, տարատեսակ դիետաներ էի փորձում: Արդյունքը քայքայիչ գաստրիտն էր:

Այդ օրը ուշ պառկեցի: Առավոտյան 6-ին: «Ես ամեն ինչ կփոխեմ իմ կյանքում»,- մրթմրթացի արդեն գրեթե քնած:

Այնքան էլ դյուրին չէր: Դիետա մշակեցի, եթե մանրամասները մի կողմ թողնենք, ապա հիմքում սպիտակուցներն էին: «Ո՛չ» ասացի կարտոֆիլին, մակարոնեղենին, հացին, բրնձին, խմորային ուտելիքներին: Սկսեցի ժամերով քայլել. մենակ, անձրեւի, ձյան տակ: Բաղրամյանից քայլելով իջնում էի մինչեւ Օպերա եւ հետ՝ մինչեւ մետրո Բարեկամություն: Սկզբում սարսափելի դժվար էր: Ականջակալներով երաժշտություն էի լսում, հիշում էի կյանքս ու լաց լինում: 10 օր անց շատ ավելի հեշտ էր: Հետո որոշեցի ավելի բարձր նշաձող վերցնել: Գարեգին Նժդեհի հրապարակից ոտքով հասա… Էջմիածնի վանք: 4 ժամ: Պարզապես որոշեցի ապացուցել, որ կարող եմ այդ անել: Կարող եմ անել այն ամենը, ինչ ԵՍ ցանկանամ: Ընկերներս ու ծանոթներս փորձում էին ինձ աջակցել, բայց հաճախ նրանց հայացքներում կարդում էի մի բան. ափսոս, խեղճ աղջիկը խելագարվել է:

Սկսեցի կերպարանափոխվել, կիլոգրամները պակասում էին: Բայց սա դեռ ամենը չէ. սկսեցի նորաձեւության ամսագրեր կարդալ, սովորեցի ճիշտ դիմահարդարում անել, հետեւել մարմնիս եւ դեմքիս, հագուստներ էի ընտրում վամպ եւ սեքսի ոճում, որից ընկերներս հիստերիայի մեջ էին ընկնում: Սկսեցի նայել հայելու մեջ եւ ալարկոտ, ծիծաղկոտ եւ կրքոտ հայացքներ մարզել… Սովորում էի գեղեցիկ եւ ցանկալի լինել: Սովորում էի ապրել:

Անցավ մեկ տարի եւ վեց ամիս: Քաշս 112 կգ էր, հիմա արդեն՝ 70: Գուշակեք, թե որտե՞ղ եմ ապրում: Այո՛, Նյու Յորքում: Անձնական կյա՞նքս: Ադամանդե մատանի եմ ընտրում: Սիրում եմ եւ սիրված եմ: Նա իմ երազանքի տղամարդն է, կատարում է իմ բոլոր կամակորություններն ու քմահաճույքները: Նյու Յորքի հրատարակություններից մեկն ինձ հետ բանակցում է, որպեսզի այս ամբողջ պատմությունը հրապարակի ամենայն մանրամասնությամբ: Հիմա Երեւանում եմ, շուտով վերադառնալու եմ տուն՝ Նյու Յորք… Պատրաստվում եմ զուգահեռաբար փոքրիկ ռեստորան բացել, նկարահանվել Playboy-ում: Բայց դրա համար անհրաժեշտ է եւս 20 կգ նիհարել: Ես բազմաթիվ ցանկություններ ունեմ, եւ, գիտե՞ք, հասկացա, որ մարդը կարող է ամեն ինչ, պարզապես պետք է շատ ուժգին ցանկանալ եւ ամեն ինչ կստացվի:

Պետք չէ թեւաթափ լինել, ինքներդ ձեզ խղճալու կարիք չունեք: Խղճահարությունը ոչ մի լավ բանի չի բերում: Հարկավոր է ընտրել ճանապարհն ու գնալ մինչեւ վերջ: Մի վախեցեք երազել, երազանքները միշտ իրականություն են դառնում, նույնիսկ ամենահամարձակները: Գնահատե՛ք ձեզ, աղջիկներ, եւ հավատացեք՝ ձեզ կսկսեն սիրել եւ աստվածացնել: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մեկ անգամ եք ապրում եւ այլեւս երբեք նորից չեք ծնվելու: Այս կյանքը երջանիկ լինելու ձեր հնարավորությունն է: Ոչ ոքի մի լսեք: Միայն ինքներդ ձեզ: Դուք հրաշալի եւ ուժեղ եք, այն ամենը, ինչ ցանկանաք, ձերը կլինի: Պարզապես ցանկացեք եւ երազեք, իսկ ամենակարեւորը՝ գործեք:

Հ.Գ. Ցանկանում ես ապրել, ինչպես հեքիաթում՝ արքայադուստր դարձիր»:

 Nicole Hovnkian

 



© NEWS.am STYLE