Հոլիվուդի սեքս սկանդալը․ Լոս Անջելեսի դատախազությունը մեղադրանք չի առաջադրի Հարվի Վայնշթեյնի դեմ

13:42   22 դեկտեմբերի, 2017

Իսկ սա արդեն հետաքրքիր է դառնում։ Պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրում է ավելի քան 70 կին, այդ թվում հանրահայտ դերասանուհիներ ու երգչուհիներ, բայց գործն անսպասելիորեն այլ շրջադարձ է ստանում։ TMZ-ը գրում է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը չի կարողանում ապացույցներ հավաքել, որոնք կհաստատեն այդ դեպքերը, հետևաբար չի կարող գործ հարուցել Վայնշթեյնի դեմ։

Պարզվում է, որ ոստիկանները լուրջ խնդրի են բախվել՝ դեպքերի մեծ մասը բավականին վաղուց է տեղի ունեցել ու դրանք գրեթե անհնար է ապացուցել՝ ապացույցներ չկան, իսկ միայն հայտարարությունների հիման վրա դատախազությունը չի կարող մեղադրանք առաջադրել։ Այս պահին չկա որևէ ապացույց, որ Հարվին որևէ մեկին բռնաբարել է։

«Եթե այն ժամանակ հյուրանոցները տեսախցիկներ ունենային ու պահպանեին տեսագրությունը, թե ինչպես է Հարվիի սենյակից հեռանում արտասվող կին՝ դա գոնե ինչ –որ ապացույց կլիներ։ Բայց նման տեսագրություններ չկան։ Չկա նաև որևէ բժշկական փորձաքննություն, որը կարող է ապացուցել այդ բոլոր մեղադրանքները»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։

Նշենք, որ Լոս Անջելեսի ոստիկանությունից բացի այս գործով զբաղվում են Նյու Յորքի, Լոնդոնի ու Բեվերլի Հիլզի ոստիկանները, որոնք նույն խնդրին են բախվել։



© NEWS.am STYLE