16:06 30 դեկտեմբերի, 2017Պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին սեքսուալ ոտնձգության մեջ է մեղադրում մոտ 80 կին: Ճիշտ է, դժվարություն է առաջացել՝ ոստիկանությունը չի կարողանում ոչ մի ապացույց գտնել, ուստի կոնկրետ Լոս Անջելեսում դատախազությունը պրոդյուսերին մեղադրանքներ չի ներկայացնի:
Մինչդեռ Քեյթ Ուինսլեթը Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում պատմել է Հարվիի հետ իր հարաբերությունների մասին:

«Նա ամեն տեղ ինձ դժվար դերասանուհի էր անվանում եւ բողոքում էր, որ վատ դերասանուհի եմ: Նա այդպես էր անում, քանի որ հրաժարվել էի իր խաղերին մասնակցել,- ասել է 42-ամյա դերասանուհին,- նրա հետ աշխատելը սարսափելի էր: Նա մշտապես ինձ այնպիսի բաներ էր խնդրում անել, որոնք գործին ամենեւին չէին վերաբերում:

Ես կասկածում էի, թե ինչ մտադրություն ունի եւ մշտապես անձնական հանդիպումներից հրաժարվում էի: Այս պատճառով նա ինձ վրա կատաղել էր: Իմ առաջին ֆիլմի՝ «Երկնային արարածների» պրոդյուսերը նա էր: Ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր, մոտենում էր եւ ասում. «Չմոռանաս, թե քեզ առաջինն ով է կինոյում ընդգրկել»:

Նրա հետ աշխատել եմ 2008 թվականին՝ նկարահանվելով «Ընթերցողը» (The Reader) ֆիլմում: Ես «Օսկար» ստացա կանացի լավագույն դերակատարման համար, եւ իմ ելույթում բոլորին շնորհակալություն հայտնեցի, բացի նրանից, քանի որ նրա հետ աշխատելը սարսափելի էր: Նա դրանից հետո մոլեգնության էր հասել»,- նշել է Քեյթը: