«Թվին Փիքսը» կարող է չորրորդ եթերաշրջան ունենալ

18:05   9 հունվարի, 2018

«Թվին Փիքս»  սերիալի երրորդ եթերաշրջանը դարձել է անցած տարվա հիթերից մեկը, ինչը զարմանալի չէ, քանի որ ռեժիսոր Դևիդ Լինչը կարողացել է ստեղծել այնպիսի աշխարհ, որի մեջ հայտնվելով՝  հանդիսատեսը այնքան էլ չի հասկանում, ավելի ճիշտ՝ առհասարակ չի հասկանում, թե որտեղ է ինքը, բայց դա նրան սարսափելի դուր է գալիս։

Ուրախալի լուր երկրպագուների համար կուլտային սերիալը կարող է նաև չորրորդ եթերաշրջան ունենալ։

Independent-ը գրում է, որ Showtime-ի ծրագրային տնօրեն Գերի Լևինը գոհ է սերիալի վարկանիշից։

«Այս աշխատանքը շատ մեծ հաջողություն ունեցավ հեռուստադիտողների շրջանում, դրա համար էլ Լինչի ու Ֆրոսթի համար դուռը միշտ բաց է «Թվին Փիքսի» ու նրանց մնացած մտահղացումների առումով»,- նշել է Գերի Լևինը։

Ավելի վաղ Լինչը, պատասխանելով չորրորդ եթերաշրջանի մասին հարցին, ասել էր, որ սովորել է «երբեք չասել երբեք»։ Միաժամանակ նա նկատել էր, որ հաջորդ եթերաշրջանի մասին խոսելու համար դեռ շատ վաղ է։  



© NEWS.am STYLE