«Դրա մեջ որեւէ կրիմինալ բան չեմ տեսնում». Լենա Ղազարյանն իր, Քրիստինե Պեպելյանի եւ Սիրուշոյի զգեստների նմանության մասին (ֆոտո)

11:48   17 հունվարի, 2018

Այս զգեստը միանշանակ կարելի է համարել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զգեստը, քանի որ այն բազմիցս հայտնվել է քննարկումների կիզակետում: Անցած տարի Քրիստինե Պեպելյանն իր «Կամաց-կամաց» տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ սպիտակ զգեստով հիացրեց միջոցառման ներկաներին, իսկ հետո Սիրուշոն նմանատիպ զգեստով լուսանկար հրապարակեց Instagram-ում:

Բնականաբար, երգչուհիների զգեստների նմանությունը քննարկումներից զերծ չմնաց:

Սպիտակ զգեստի վերաբերյալ խոսակցությունները նոր ալիք ստացան երեկ, երբ երգչուհի Լենա Ղազարյանը ներկայացրեց իր «Թող» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է հենց նմանատիպ զգեստով: Համացանցում կրկին քննարկում սկսվեց. շատերը մեղադրեցին երգչուհուն կրկնօրինակման մեջ:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Լենայի հետ՝ պարզելու, թե ինչ է մտածում նա այդ քննարկումների եւ համեմատությունների մասին.

«Նախ՝ դրա մեջ որեւէ կրիմինալ բան չեմ տեսնում, որովհետեւ դա նորմալ երեւույթ է, որ մի քանի մարդ կարող են ունենալ նույն զգեստից: Համաշխարհային պրակտիկան էլ ցույց է տալիս, որ երկու շատ ճանաչված մարդ միեւնույն երեկույթի ժամանակ կարող են հայտնվել նմանատիպ զգեստով»,-նշեց երգչուհին՝ հավելելով.

«Քրիստինե Պեպելյանը զգեստը հագել է իր միջոցառման ժամանակ, ոչ թե տեսահոլովակում: Այսինքն, եթե որեւէ մեկն ունի նույն զգեստից, ուրիշ մեկն իրավունք չունի՞ նմանատիպը կրել: Եթե կան մարդիկ, ովքեր պնդում են, որ ես ինչ-որ կերպ կրկնօրինակել եմ նրան, ապա նշեմ, որ սա այն դեպքն է, որ կարող եմ ասել՝ ուրախ եմ, որ նա իմ դասաախոսն է. ուրախալի փաստ է, որ ես նմանվում եմ լավ մարդու, ոչ թե… Եթե ուշադիր լինեք, մարդիկ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ էլ հաճախ նմանատիպ զգեստ են կրում: Վստահ եմ՝ աշխարհում էլի մարդիկ կան, որոնք ունեն նույն զգեստից, եթե տեսնեք՝ չզարմանաք»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE