Լոս Անջելեսի հայկական համայնքն ընդունելություն է կազմակերպել Տիգրան Մանսուրյանի եւ Կոնստանտին Օրբելյանի համար

14:04   18 հունվարի, 2018

Հունվարի 28-ին Նյու Յորքում կանցկացվի «Գրեմմի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Ինչպես հայտնի է, մրցանակաբաշխության հավակնորդներից են նաեւ Տիգրան Մանսուրյանն ու  Կոնստանտին Օրբելյանը, որոնք հիմա ԱՄՆ-ում են, որտեղ նրանց համար հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Լոս Անջելեսի հայկական համայնքը։

Մրցանակաբաշխության հավակնորդների համար հայկական համայնքը հանդիսավոր լանչ է կազմակերպել, որին ներկա էին համայնքի առաջնորդներն ու ակտիվիստները։ Բոլորն իրենց ելույթների ժամանակ շեշտել են թե Օրբելյանի, թե Մանսուրյանի վաստակը, ու հաջողություն մաղթել նրանց գալիք մրցանակաբաշխությունում։

Հիշեցնենք, որ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Դմիտրի Խվորոստովսկու հետ միասին աաջադրվել է «Գրեմմիի» «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ Sviridov. Russia Cast Adrift ալբոմի համար, իսկ Տիգրան Մանսուրյանի Requiem-ը առաջադրվել է «Լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգում։

Աղբյուրը՝ Asbarez.com

 



© NEWS.am STYLE