Թրամփի փաստաբանները պոռնոդերասանուհուց 20 մլն դոլար են պահանջում՝ նախագահի հետ սեքսի մասին լռելու պայմանագիրը խախտելու համար

10:02   17 մարտի, 2018

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի (Սթորմի Դենիելս) ու նախագահ Դոնալդ Թրամփի միջև սկանդալը շարունակվում է։

Հիշեցնենք, որ 38-ամյա դերասանուհին, որի ծննդյան տարեդարձն, ի դեպ, այսօր է (ինչի կապակցությամբ մենք նրան շնորհավորում ենք) դրամահավաք է սկսել համացանցում քրաուդֆանդինգի միջոցով ու արդեն 180 հազար դոլար է հավաքել, որպեսզի Թրամփին վերադարձնի լռության համար նրա վճարած գումարը։

Ըստ պայմանագրի՝ դերասանուհին պետք է լռեր Թրամփի հետ սեքսի մասին՝ դրա դիմաց ստանալով 130 000 դոլար։ Բայց, հասկանալով, որ այդ պատմության մասին խոսելով ավելի շատ գումար կարելի է վաստակել, Սթորմին, որը հավաստիացնում է, որ իրեն սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, որոշել է խզել պայմանագիրը։

Ահա և նախագահի արձագանքը՝ նրա փաստաբան Մայքլ Քոհենը դատի է տվել պոռնոդերասանուհուն՝ պետության ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին տեղեկությունները հրապարակելու համար։

TMZ-ի փոխանցմամբ՝ փաստաբանը Քլիֆորդից պահանջում է 20 մլն դոլար որպես փոխհատուցում՝ չհրապարակման մասին կնքված պայմանագրի խախտման 20 դեպքերի համար, յուրաքանչյուր դեպքը գնահատվում է մեկ միլիոն՝ ըստ այդ նույն պայմանագրի կանոնների։

Հայցի մանրամասները այս պահին հայտնի չեն։

 



© NEWS.am STYLE