«Ավելի լավ է սպասեմ, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ ուզում». Իվետա Մուկուչյանը՝ առաջիկա համերգների եւ նոր նախագծերի մասին

14:05   6 հունիսի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանին հանդիպեցինք երեկ՝ Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերային: Նա իր ողջ հմայքով փայլեց NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկի առջեւ, ինչպես նաեւ պատասսխանեց մեզ հետաքրքրող մի շարք հարցերի:

Երգչուհին ուրախությամբ նշեց, որ այս շրջանում մի շարք նորություններ է պատրաստել, սակայն նոր նախագծերի մասին փակածերն առայժմ նախընտրեց չբացել, փոխարենը խոսեց իր առաջիկա համերգային շրջագայությունների, Նարեկի ու Ռոլանդ Գասպարյանի հետ նոր համագործակցության եւ տարվա լավագույն երգչուհի ճանաչվելու մասին:

«Հունիսի 8-ին պետք է այստեղ համերգ ունենայինք, բայց այն հետաձգելու ենք, քանի որ պետք է մեկնեմ Միացյալ Նահանգներ, այնտեղ համերգներ եմ ունենալու. Բոսթոնում՝ հունիսի 23-ին կլինի Yerevan Nights խորագրով համերգ, շատ ուրախ եմ, որ ԱՄՆ-ում էլ շատ գործունեություն է ծավալվում: Հուլիսի 15-ին համերգ կունենամ Բարսելոնայում, Հայաստանից դուրս գտնվող հայերին մեծ սիրով կցանկանայի տեսնել այնտեղ: Համերգներով լի շրջան է լինելու, բայց մնացած փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել»,-ասում է երգչուհին, որը, սակայն, առաջիկայում հայրենիքում մեծ մենահամերգով հանդես չի գա. դա ունի իր պատճառները.
«Մեծ մենահամերգ լինելու է, բայց Հայաստանում այս պահին՝ ոչ: Եթե լինի, այն կլինի արտերկրում, կրկին դեռ փակագծերը չեմ ցանկանում բացել: Գիտե՞ք իմ մենահամերգը պետք է շատ յուրահատուկ լինի եւ անկրկնելի, այդ պատճառով էլ ավելի լավ է սպասեմ, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ ուզում, թե չէ՝ ես հիմա էլ համերգ կունենայի:)»:

Զրույցի ընթացքում Իվետան որոշակի բացահայտումներ արեց Հարավային Աֆրիկայում մեկնարկած նախագծի մասին.

«Նախագծերի մի մասն այն է, ինչ ես արել եմ Հարավային Աֆրիկայում, բայց կցանկանայի, որ չշտապեինք, որովհետեւ դա շատ մեծ նախագիծ է: Համագործակցել եմ քույրիկիս հետ (Մարիաննա Մուկուչյանը Բոլիվուդում հայտնի ոճաբան է. հեղ.), նա շատ մեծ մասնակցություն ուներ այս նախագծում»:

Երգչուհին նաեւ նշեց, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված «Մեծ խաղ» հոլովակում մեծ սիրով է ներկայացել.

«Ռոլանդի, Նարեկի եւ իմ համագործակցությունը ֆուտբոլի առաջնության շրջանակում եղավ: Շատ ուրախ եմ, որ ընտրեցին մեզ: Սա նախագիծ չէր, որը մենք ենք սկսել, մեզ առաջարկել էին եւ մենք սիրով համագործակցել ենք»:

Ինչ վերաբերում է տարվա լավագույն երգչուհի ճանաչվելուն՝ Իվետայի խոսքով՝ իր համար հատկապես կարեւոր էր արժանանալ այդ կոչմանը «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության շրջանակում.

«Ես շատ ուրախ եմ: Գիտե՞ք շատ մրցանակաբաշխություններ են լինում, բայց ես շատ հպարտ եմ, որովհետեւ դա շատ լուրջ մրցանակաբաշխություն է, որը կազմակերպել էր ՀՀ Մշակույթի նախարարությունը: Այդ մրցանակն ինձ համար շատ կարեւոր էր: Բնականաբար պարտավորեցնող է, որ շարունակեմ ու ավելի շատ բան անեմ ժողովրդի համար, ինչն անպայման կարդարացնեմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի Facebook-ից եւ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE