Ալ Պաչինոն նկարահանվում է մոլագար Մենսոնի մասին Տարանտինոյի ֆիլմում

17:28   8 հունիսի, 2018

Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդի միանգամից երկու սրտակերներ՝ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն։

54-ամյա Փիթն ու 43-ամյա Լեոն նկարահանվելու են Տարանտինոյի ֆիլմում, որը կոչվում է «Մի անգամ Հոլիվուդում»։ Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։

Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարևանուհին Թեյթն է լինելու։

Այսօր հայտնի է դարձել, որ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի դերասանական կազմին միացել է Ալ Պաչինոն, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Բացի դրանից, ֆիլմում նաև համաձայնել են նկարահանվել Դեմիեն Լյուիսը, Լյուկ Պերրին ու Էմիլ Հիրշը, Դակոտա Ֆաննինգը, Քլիֆթոն Քոլինզ- կրտսերը ու Նիկոլաս Հեմմոնդը։

Ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2019-ի օգոստոսի 9-ին՝ Մենսոնի աղանդի անդամների կողմից Շերոն Թեյթի սպանության օրվանից ուղիղ 50 տարի անց։

 



© NEWS.am STYLE