«Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու դերասանական կազմի տպավորությունները (ֆոտո/վիդեո)

10:25   7 սեպտեմբերի, 2018

Այսօր՝ սեպտեմբերի 7-ից, հայ հեռուստադիտողը կինոթատրոններում հնարավորություն կունենա դիտելու ռեժիսոր Արամիս Տատուի «Հեքիաթահարված» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմիլ Գալստյանն ու Ադրիանա Գալստյանը: Ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ամբողջ ստեղծագործական խումբն ու դերասանական կազմը, կայացավ երեկ՝ սեպտեմբերի 6-ին: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել պրեմիերային եւ զրուցել դերասանական կազմի ու ռեժիսորի հետ:

«Հեքիաթահարվածը» ռոմանտիկ կատակերգություն է՝ համեմված ֆանտաստիկ էլեմենտներով: Ֆիլմի գլխավոր հերոսը Հրայրն է, որն իր զարմիկներին հեքիաթներ է պատմում, իսկ հետո այդ հեքիաթները իրականություն են դառնում: Կատակերգության մեջ ֆիլմասերները կհանդիպեն տարբեր հերոսների, այդ թվում՝ վիշապի եւ ջրահարսի: Այս ժանրի ֆիլմերը հայկական կինոարտադրության մեջ, գրեթե, բացակայում են, սակայն ռեժիսոր Արամիս Տատուի խոսքով՝ նա հատուկ էֆեկտների տեսարանների շուրջ սիրով է աշխատել, քանի որ մասնագիտացել է հենց այդ ոլորտում: Ռեժիսորը նշեց, որ նկարահանման ընթացքում դժվարությունները շատ չեն եղել, իսկ ֆիլմի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել է հենց դերասանական կազմը:

«Սկզբում չէի ցանկանում նկարահանել այս ֆիլմը, սակայն դերասանների հետ շփվելուց հետո ոգեշնչվեցի ու նկարահանեցի այն: Ինձ համար շատ հաճելի էր, որ դերասանների շնորհիվ ֆիլմը ստացվեց: Ամեն ինչ ինքնըստինքյան եղավ»,-խոստովանում է նա:

Հումորային ֆիլմերից հայտնի դերասան Էմիլ Գալստյանին այս ֆիլմում հանդիսատեսը կտեսնի մի փոքր այլ՝ գլխավոր հերոսի կերպարում: Էմիլը խոստովանեց, որ իր համար եւս այդ դերը հաճելի փոփոխություն էր իր կերպարների շարքում.

«Ինձ համար այս կերպարը պրեմիերա էր, քանի որ ինձ հանդիսատեսը միշտ այլ կերպարներում է տեսել, դրա համար էլ այս առաջարկն ինձ ոգեւորեց: Դերասանը պետք է բազմաժանր լինի: Կարծում եմ՝ ստացված կերպար է, որն առավել երեխաների համար սիրելի հերոս է: Հուսով եմ՝ կկարողանամ որոշ չափով նրանց փոխանցել այդ կերպարային գիծը»,-նշեց դերասանը:

Ադրիանա Գալստյանի համար սա առաջին գլխավոր դերն էր: Դերասանուհին ֆիլմում մարմնավորում է Ադրիանա անունով հերոսուհուն, որին սիրահարված է Հրայրը: Ֆիլմում Ադրիանան խոսում է արեւմտահայերենով.

«Սա արդեն երկրորդ նախագիծն է, որում հենց իմ անունով եմ ներկայանում: Հերոսուհիս հասարակ ու զուսպ աղջիկ է: Ինչ վերաբերում է խաղընկերոջս՝ Էմիլի հետ շատ հեշտ էր խաղալը: Մեծ բավականություն էի ստանում նրա հետ խաղից, քանի որ նկարահանման հրապարակում հումորն անպակաս էր: Այս ֆիլմում միմյանց են բախվում իրականությունն ու ֆանտաստիկան, ինչը կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար»,-նշեց դերասանուհին:

Ադրիանայի եւ Էմիլի կերպարներից բացի՝ ֆիլմում աչքի ընկան նաեւ Արսեն Գրիգորյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արթուր Հակոբյանի եւ Անահիտ Կիրակոսյանի հերոսները:

Լրագրողների հետ զրույցում Ռաֆայելը խոստովանեց, որ միշտ երազել է ֆանտաստիկ դերով հանդես գալ:

«Շատ հետաքրքիր կերպար էր, իսկ Արամի հետ առաջին անգամ էի աշխատում, ծանոթացել ենք նկարահանման ընթացքում: Հետաքրքիր էր նրա հետ համագործակցելը, քանի որ նա այնպես էր աշխատում, ինչպես դա անում են Եվրոպայում, լրիվ նոր մոտեցում էր նկարահանման հրապարակում»:

Անահիտ Կիրակոսյանն էլ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Հրայրի քրոջ կերպարը, որն աչքի է ընկնում առանձնահատուկ խստությամբ:

«Կերպարս շատ խիստ է: Ինչպես միշտ՝ այնպիսի կերպար է, որն ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունի:) Բայց փորձել եմ ստանալ այդ խստությունը: Ինձ համար կերպարը հետաքրքիր էր, քանի որ մինչ օրս նման հերոսուհու չէի մարմնավորել: Հետաքրքիր էր աշխատել Արամի հետ, քանի որ շատ յուրահատուկ ոճ ունի: Միայն այն, որ ֆիլմը ուղիղ մեկ տարի մոնտաժվել է, ամեն ինչ ասում է այն մասին, թե որքան պրոֆեսիոնալիզմով է թիմն աշխատել ստեղծման շուրջ»,-եզրափակեց դերասանուհին:

Ի դեպ, NEWS.am STYLE-ի հետ նախորդ զրույցի ընթացքում ռեժիսորը չէր բացառել, որ միգուցե հետագայում ստեղծվի նաեւ ֆիլմի երկրորդ մասը: Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել մեր տեսանյութն ու ֆոտոշարքը՝ ֆիլմի պրեմիերայից:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE