Թուրքի ոճրագործության եւ հայի վրեժի մասին պատմող «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը (ֆոտո)

10:04   26 հոկտեմբերի, 2018

25 տարվա վրեժի ծարավ ու հատուցում... Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վահե Սայանի նոր՝ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան, որի սցենարի հիմքում  հայ երիտասարդի կյանքի դաժան պատմությունն է: Գլխավոր հերոսի հայրն ու եղբայրը սպանվում են թուրք մարդասպանի կողմից, սակայն վրեժի ծարավը տարիներ անց հայ երիտասարդին բերում է թշնամու մոտ, իսկ այդ հարցում նրան չգիտակցաբար օգնում է թուրք ոճրագործի դուստրը:

Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Կամո Ունանյանը նշում է՝ ֆիլմը կոմերցիոն նպատակ չունի, ասելիքն այլ է.

«Մեր նպատակն է եղել ստեղծել ֆիլմ, որով ցույց կտայինք հայի ուժն ու ոգին: Ինձ թվում է՝ շատերը հոգնել են այն բանից, որ բոլոր ֆիլմերում հայերի ջարդն է նկարագրվում թուրքերի կողմից, մենք ցանկացել ենք ցույց տալ, որ հայերն ուժեղ են»:

Ֆիլմում Անատի Սաքանյանը մարմնավորում է թուրք մարդասպանի դստերը, որի միջոցով էլ գլխավոր հերոսը փորձում է լուծել իր վրեժը.

«Կերպարս դրական է: Թեեւ թուրք աղջկա մարմնավորելը հայերի շրջանում, միգուցե, բացասական էմոեցիաներ է առաջացնում, իմ կերպարի դեպքում կարծում եմ՝ այդպես չի լինի»,-նշեց դերասանուհին:

Ֆիլմի ամենաբացասական հերոսին՝ Հասանին, մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյանը, որին նկարահանվելու առաջարկը հետաքրքրել է մի քանի պատճառով.

«Հետաքրքիր էր երիտասարդների հետ աշխատելը, նաեւ այն, որ թուրքի դերում դեռ չէի եղել: Թուրք, որը պարկեշտ չէ, մարդ է, բայց թուրք է: Կարծում եմ՝ նույնիսկ թուրքն իրեն ավելի լավ չի ճանաչում, քան հայը նրան: Եթե թուրք դերասան ներկայացներ այս դերը, միգուցե միայն լավ կողմերը կներկայացներ: Բոլոր կողմերից փորձել եմ ցույց տալ նրան, հուսով եմ եւ ուզում եմ, որ ֆիլմը մեծ հաջողություն ունենա»:

Ալեքսանդր Խաչատրյանի հետ համակարծիք է նաեւ Արսեն Լեւոնյանը, որին եւս բացասական կերպար է բաժին հասել, թեեւ ֆիլմասերները, միանշանակ, կգնահատեն նրա հերոսի մեջ ներդրած հումորային դրվագները.

«Դերասանը պետք է ամեն ինչ էլ կարողանա անել, կապ չունի թուրքի է մարմնավորում, թե ուզբեկի: Համաձայն եմ, որ մենք ավելի շատ գիտենք թուրքերի մասին, քան իրենք: Շատ գեղեցիկ օրեր եմ ունեցել, խելացի մարդկանց հետ ծանոթացել, նոր բաներ սովորել, ինչը եւս ցանկանում եմ շեշտել»:

Ֆիլմի նկարահանումները տեւել են մոտ մեկ տարի. այն նկարահանվել է մի քանի երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում: Բացի Ալեքսանդր Խաչատրյանից, Կամո Ունանյանից եւ Արսեն Լեւոնյանից՝ ֆիլմում կտեսնեք նաեւ Ադրիանա Գալստյանին, Ժաննա Բուտուլյանին, Արմեն Մարությանին, Անի Հարոյանին, Մարիամ Մելիքյանին եւ այլ ճանաչված դեմքերի, իսկ երաժշտության հեղինակը Էդմոնդ Մակարյանն է:

«Ժամանակն է» ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունաստանում, Ռուսաստանում ու Ղազախստանում: Ստեղծագործական կազմը այն մտադիր է ներկայացնել նաեւ միջազգային փառատոնների:

Ֆիլմի երեւանյան պրեմիերայի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը՝  NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE