Դիմահարդարման սխալները. կոնսիլերի սխալ օգտագործում

18:10   4 հունիսի, 2013

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:

Եվ այսպես, եւս մեկ տարածված սխալ, որ թույլ են տալիս աղջիկները, կոնսիլերի օգտագործումն է: Նրանց համար, ովքեր չգիտեն փոխառված այս բառի նշանակությունը, բացատրենք. դա մաշկի թերությունները թաքցնող, շտկող միջոց է: Կոնսիլերը թաքցնում է դեմքի մանր թերությունները, պիգմենտային բծերը, կարմրությունը, աչքերի տակ առաջացած շրջանակները, փոքրիկ կնճիռները: Կոսմետիկ այս միջոցը չի կարող վերացնել մաշկի այդ խնդիրների պատճառները, սակայն կօգնի տպավորություն ստեղծել, որ մաշկը հարթ է ու հավասար:

«Ժամանակակից կոնսիլերները թողարկվում են տարբեր ձեւերով, եւ նորաձեւության սիրահարները մեծ հաճույքով օգտագործում են դրանք: Բայց հաճախ կոնսիլերները դիմահարդարման սխալների պատճառ են դառնում: Ամենատարածված սխալներն են ոչ ճիշտ երանգի ընտրությունն ու մի քանի շերտով քսելը:

Դիմահարդարները խորհուրդ են տալիս ընտրել մաշկի բնական գույնից կես երանգ ավելի բացը: Ցանկալի է նաեւ մի քանի կոնսիլեր ունենալ: Մեկը՝ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակները թաքցնելու, երկրորդը՝ դեմքի մյուս հատվածներում թերությունները թաքցնելու համար: Աչքերի տակի մուգ շրջանակները լավագույնս թաքցնում է կանաչավուն կամ դեղնավուն երանգով կոնսիլերը: Մարմնագույն միջոցը ցանկալի արդյունք չի տա»,- նշում է Անի Առուստամյանը:

Մասնագետը նաեւ հավելում է, որ անպայման անհրաժեշտ է խանութում փորձնական կոնսիլեր պահանջել, տեսնել, թե որքանով է այդ երանգը ներդաշնակում ձեր մաշկի գույնին, արդյո՞ք բնական է դիտվում եւ այլն: Պետք չէ մոռանալ, որ փաթեթավորման վրա նշված գույնը շատ հաճախ չի համապատասխանում արտադրանքի իրական երանգին:

Հիշեցնենք, որ վերջերս NEWS.am STYLE-ը պատմել էր եւս մեկ սխալի՝ տոնային կրեմը սխալ քսելու մասին:



© NEWS.am STYLE