Արենա Զեյնալյանի «արկածները» «Միսս Աշխարհ 2018»-ում (ֆոտո)

22:05   13 նոյեմբերի, 2018

«Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը նոյեմբերի 10-ին մեկնել է Չինաստանի Սանյա քաղաք, որտեղ դեկտեմբերի 8-ին անցկացվելու է «Միսս Աշխարհ 2018» գեղեցկության մրցույթը: Սակայն մինչ մրցույթի եզրափակիչը՝ տարբեր երկրները ներկայացնող աղջիկները դեռ մի քանի փուլեր պետք է հաղթահարեն՝ բուն եզրափակչին ներկայանալու ուղեգիր ստանալու համար:

Արենայի ֆոյսբուքյան էջն այս պահին ողողված է մի շարք լուսանկարներով, որոնցից կարելի է ենթադրել, որ հայ գեղեցկուհին արդեն հասցրել է ընկերանալ մրցույթի մյուս ներկայացուցիչների հետ: Այս շրջանում աղջիկները տարբեր մրցությունների միջով են անցնում: Հերթական հրապարակման մեջ Արենան տեղեկացրել է, որ այսօր կայանալու է տաղանդների շոուն:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արենան անդրադարձել էր մրցույթից իր ակնկալիքներին՝ նշելով.

«Շատ դրական եմ տրամադրված: Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է մեկնեմ Չինաստան եւ վայելեմ այդ օրերը: Չեմ ցանկանում սա դիտարկել զուտ որպես մրցույթ: Ես այս պահին շատ ուրախ եմ եւ ոգեւորված՝ առավել եւս, որ նախկինում դեռ այնտեղ չեմ եղել: Ուզում եմ ծանոթանալ աղջիկների հետ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էմոցիաներ ունեմ:

Շատ կցանկանայի, որ հայկական հեռուստատեսությամբ էլ հեռարձակվեր մրցույթը, քանի որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է «Միսս աշխարհ»-ին: Ուրախ կլինեմ, որ մարդիկ հետեւեն ընթացքին: Առհասարակ սոցիալական ցանցերի իմ էջերում էլ կաշխատեմ լինել ակտիվ եւ լուսաբանել ինձ հետ կապված իրադարձությունները»:



© NEWS.am STYLE