«Եթե կրկին ընտրություն կատարելու հնարավորություն լիներ, ամենայն հավանականությամբ Իտալիայում կմնայի». Վահան Խաչատրյան

19:19   18 դեկտեմբերի, 2018

Երեւանում բոլորովին վերջերս երեկոյան հագուստի խանութ բացվեց՝ Privé, որը դիզայներ Վահան Խաչատրյանի եւ նրա գործընկերների համագործակցության արդյունքն է: Ընդհանրապես քաղաքի կյանքում Վահանի մասնակցությամբ նորաձեւ իրադարձությունները մեծաթիվ են: Եղել են թե՛ նորաձեւ խանութների շնորհանդեսներ, թե՛ ցուցադրություններ… Ամենանշանակալի իրադարձություններից մեկն էլ Fashion and Design Chamber of Armenia-ի («Նորաձեւության եւ դիզայնի հայկական պալատ») բացումն էր, որի շրջանակում այս տարի Երեւանում անցկացվեցին հետաքրքիր սեմինարներ ու համաժողովներ՝ արտասահմանից հայտնի փորձագետների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, մեր դիզայներներն էլ հնարավորություն ստացան լինելու մասնագիտացված, եվրոպական էքսպոներում: Ինքը՝ Վահանը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանում է, որ «Պալատը» ստեղծելով՝ չէր ենթադրում, որ նախագիծն այդքան հագեցած ու հետաքրքիր կստացվի…

Գիտեմ, որ երկար ժամանակ Իտալիայում եք ապրել: Ինչպե՞ս հանգեցիք «Պալատի» ստեղծման գաղափարին:

Անցյալ տարվա օգոստոսին Երեւանում էի՝  եկել էի եղբորս հարսանիքին եւ ամիսից ավելի փաստացի անգործ նստած էի: Ձանձրացա ու որոշեցի որեւէ հետաքրքիր, օգտակար բան մտածել… Հավաքեցի 10 հայ դիզայներների ու քանի որ նախկինում ամեն սեզոնին մեկնում էի Կիեւ «Նորաձեւության շաբաթին», որոշեցի կազմակերպիչներին նամակ գրել եւ նոր ձեւաչափ առաջարկել: Մի խոսքով, այս անգամ ոչ թե մենակ մեկնեցի, այլ մեր ամբողջ դիզայներական հարթակով: Կիեւում ամեն ինչ հոյակապ անցավ: Սա, թերեւս, մեր առաջին համատեղ հաջողությունն էր: Երբ վերադարձանք, ես գնացի Իտալիա. հեռավորությամբ շփվում էինք, բայց զգում էի, որ պետք է շարունակել: Զրուցեցի Էլեն Մանուկյանի հետ (Loom ապրանքանիշի հիմնադիրներից մեկը - խմբ.), եւ մենք որոշեցինք հիմնադրել Fashion and Design Chamber of Armenia հասարակական կազմակերպությունը: Ինձ նախագահ ընտրեցին… Հենց այդ ժամանակ Երեւանում ԵՄ ներկայացուցչություններից մեկը դրամաշնորհ ստանալու մրցույթ հայտարարեց: Շատ սեղմ ժամկետում ծրագիր գրեցինք, սակայն առանձնապես հույսեր չէինք փայփայում. հայտատուների թվում շատ ուժեղ մրցակիցներ կային: Եվ հանկարծ մեզ ասացին, որ մենք հաղթել ենք, իսկ իմ պլանների մեջ չէր մտնում Իտալիայից վերադառնալը, սակայն ստիպված էի ծրագրերս կտրուկ փոխել:

Դրամաշնորհային ծրագիրը 2019-ի փետրվարին կավարտվիՀետո ի՞նչ է լինելու:

Ավելի շուտ Իտալիա կվերադառնամ… Բայց Պալատը կմնա, գոյություն կունենա որպես մյուսների համար հարթակ, հնարավոր է՝ պակաս մասշտաբային նախագծերի համար: Ես ինչ կարող էի՝ ցույց եմ տվել, պատմել, ծանոթացրել, հիմա դիզայներներն ինքնուրույն պիտի հարթեն իրենց ճանապարհը: Նրանք գիտեն ինչպես եւ ինչ անել: Իհարկե, ֆինանսական առումով այստեղ դժվար է գոյատեւել, եւ  միայն դրամաշնորհների վրա հույսը դնելը անհնար է, նաեւ ճիշտ չէ: Պետք է հաշվի առնել նաեւ մրցակցության հարցը, այսպես ասած բնական ընտրության, որի արդյունքում լավագույններն են մնում:

Իսկ այդ նախագծում ի՞նչ մասշտաբային բան կար:

Մեծ հաշվով, մեր բախտը շատ բերեց: «Մեր» ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն կոնկրետ դիզայներներին, այլեւ ամբողջ տեղական ֆեշն-ոլորտը եւ անգամ երկրին: Մեկ տարի Պալատի «ցուցանակի» ներքո սեմինարներ ու համաժողովներ էին ընթանում, դասախոսություններ ընթերցվում, արտասահմանից փորձագետներ հրավիրվում: Մենք կազմակերպեցինք ֆեշն-համաժողով՝ հրավիրելով նորաձեւության 10 փորձագետների, առավոտից մինչ երեկո դասախոաություններ էին ընթանում՝ հայտնի ապրանքանիշների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բոլորի համար, ովքեր ներգրավված են ոճի եւ նորաձեւության ոլորտում, իրավամբ նշանակալի իրադարձություն էր: Եվ սա անչափ կարեւոր է այն իմաստով, որ, ասենք, Երեւանում հայտնի ապրանքանիշները նույնպես մասնագետների են հրավիրում, բայց, ինչպես ասում են, բացառապես ներքին օգտագործման համար: Ստաֆի համար: Դա սխալ եմ համարում. երբ այդպիսի մարդիկ են գալիս, նրանք պետք է իրենց գիտելիքները եւ փորձը բոլորին հաղորդեն: Սակայն, ճիշտ է, որ մենք դասախոսություններ ենք անցկացրել սահմանափակ լսարանի համար (ասենք՝ առավելագույնը 20 հոգի). ստիպված էինք ընտրություն կատարել՝ նախապատվությունը տալով նրանց, ում համար դա իսկապես անհրաժեշտը էր, եւ նրանց, ովքեր մեկ կազմակերպության անդամ են: Այպես որ, սելեկցիա կատարելուց չխուսափեցինք:

Համաժողովից հետո երկրորդ կարեւոր գործոնը՝ հայ դիզայներները մասնակցեցին Միլանի Pitti ցուցահանդեսին: Մեծ պատիվ է որպես մասնակից այդպիսի էքսպոյին մասնակցելը, «բայերների» հետ աշխատելը: Ամբողջ աշխարհի դիզայներները՝ Ճապոնիայից մինչեւ Ամերիկա, տարիներով փորձում են այնտեղ հայտնվել, եւ դա նրանց ոչ միշտ է հաջողվում. վիթխարի հերթ է:

Դրանից բացի, այդ հաճույքը վճարովի է եւ թանկարժեք, բայց մեր դիզայներների համար մեծ զեղչ արվեց: Օգնեցին նաեւ իմ կապերը, մասնակցության փորձի առկայությունը եւ այն փաստը, որ ես ինչ-որ ժամանակ Իտալիայում էի բնակվել: Մեր հարթակը կոչվում էր Focus on Armenian Talent: Հասկանալի լինելու համար ասեմ, որ էքսպոյին ընտրում են ընդամենը 100 ապրանքանիշ, որոնք կազմակերպիչներին պետք է հետաքրքրեն: Մեր հարթակից բացի, այնտեղ էր նաեւ Վրաստանի Mercedes Benz Tbilsi-ն, որը նորաձեւության ինդուստրիայում բավականին ամուր դիրքեր ունի:

Ինչո՞ւ նորաձեւության ոլորտում հարեւան Վրաստանում ամեն ինչ ավելի լավ է, քան մեզ մոտ:

Մենք տարբեր ճաշակ ունենք, տարբեր էսթետիկա, գեղեցիկի տարբեր տեսլական: Նրանց հայացքն ուղղված է եվրոպական մայրցամաք, մերը՝ Արեւելք: Եվ սա շատ է զգացվում հագուստի ոճի, սանրվածքի, աշխարհայացքի եւ այլ «մանրուքների» մեջ… Մենք մի տեսակ պաթոլոգիական ձգտում ունենք դեպի մուսուլմանություն: Միաժամանակ, չեմ կարող չնշել, որ, օրինակ, շատ վրացիներ եվրոպացի դիզայներներին տառացիորեն պատճենում են: Փոխ առնելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա, հատկապես եթե դա կատարվում է հնարամտորեն, նրբանկատությամբ: Եվ հաճախ, եթե դա թրենդային է նայվում, նորաձեւ, ապա սպառողի համար կարեւոր չէ՝ դա պատճեն է, թե ոչ...

Իսկ առանց պատճենման լինո՞ւմ է:

Իհարկե, իմաստ չունի հեծանիվ հորինել: Մեզնից առաջ բոլորը ամեն ինչ հորինել են, եւ եթե լավ փնտրենք, միշտ էլ կարելի է նախադեպ գտնել: Այլ հարց է, երբ կրկնվում ես առանց վերլուծելու եւ ժամանակային կարճ կտրվածքում… Նորաձեւության մեջ սակավաթիվ են հանճարները, որոնք ինչ-որ նոր բան են ստեղծել եւ կարեւորը՝ հագնելու ենթակա: Եթե Ալեքսանդր ՄաքԿուինը կոշիկ էր ստեղծում, որը պոդիումում տեսնելով՝ խելքահան ես լինում, ապա կյանքում այն կարող ես տեսնել առավելագույնը Լեդի Գագայի ոտքերին: Կամ ցնցող դիզայներ Iris Van Herpen-ը, որն աներեւակայելի 3D հագուստ է ստեղծում. դրանց նայելով՝ շունչդ կտրվում է, բայց այդ զգեստները արվեստի ստեղծագործություն են եւ սովորական կյանքում դրանցով ուղղակի դուրս չես գա… Ինչ վերաբերում է հարեւաններին, ապա նրանց հաջողվել է այնպես անել, որ նրանց նորաձեւության շաբաթը աշխարհում ամենահանրաճանաչներից մեկն է. մամուլն ու նորաձեւության վերնախավը նրանց մոտ է գնում: Եվ, վերջապես, նրանք ունեն դիզայներ Դեմնա Գվասալիային, որը մտել է միջազգային շուկա եւ դարձել Balenciaga-ի կրեատիվ տնօրենը: Դրանով նաու նորաձեւության լուսարձակը տեղափոխվել է նրանց վրա: Ի դեպ, նորաձեւությունը սերտորեն միահյուսված է քաղաքականությանը: Օրինակ՝ Ուկրաինայում քաղաքական գործընթացների հետ կապված ֆեշն-շրջանակների ուշադրությունն ինչ-որ ժամանակ գամված էր Ուկրաինացի դիզայներների վրա: Շատ ճիշտ ժամանակին ստեղծվեց Կիեւի Mercedes Benz Fashion Week-ը...

Հասկանալի է, որ Իտալիան ոգեշնչման անսպառ աղբյուր է: Բայց կոնկրետ ի՞նչն է ձեզ գաղափարներով լիցքավորում՝ գուցե երաժշտությո՞ւնը, ճարտարապետությո՞ւնը...

Ես այս ոլորտում եմ արդեն 20 տարի, ճաշակը կենդանի, զարգացող օրգանիզմ է: Նախկինում, երիտասարդ լինելու պատճառով, ինձ էլ էին գրավում արեւելյան թեմաները, բայց ժամանակի ընթացքում դա անցավ: Եվրոպայում տեղի ունեցավ արժեքների հզոր վերագնահատում, ճաշակը փոխվեց, աշխարհայացքը: Ես ազգային թեմաներով հավաքածուներ եմ ունեցել, բայց խոստովանեմ, որ միշտ ոգեշնչել է արվեստը՝ իտալական կլասիցիզմը եւ… եկեղեցական թեման: Գաղտնիք չէ, որ արվեստի վրա կրոնի դերը ահռելի է:

Իսկ հիշու՞մ եք Ձեր առաջին հանդերձանքը:

Առաջին իմ հանդերձանքը ճշգրիտ չեմ մտաբերի, բայց 15 տարեկանում եղել է առաջին լուրջ աշխատանքս: Այդ ժամանակ կար Նադեժդա Սարգսյանի «Փոքրիկ հայեր» խումբ կար, որում Էմմին էլ էր երգում. մենք հարեւաններ էինք: Նրանք պետք է մասնակցեին «Утреняя звезда» մրցույթին, եւ որոշվեց, որ աղջիկների հագուստը պետք է ես պատրաստեմ: Համերգը ցուցադրեցին ОРТ-ով, հեռարձակումը՝ Կրեմլից էր: Պատկերացնում եք, թե դա ինձ համար ինչ էր: Ինչպիսի խթան: Ամեն ինչ այդպես էլ սկսվեց...

Ո՞վ է ձեր ամենահարմար հաճախորդը: Նա՞, ով լռելյայն ընդունում է ձեր բոլոր առաջարկները կամ դիտողությունները:

Ես կասեմ, թե ով է ամենանհարմարը: Նա, ով փող ունի եւ լսել է, որ Վահան Խաչատրյանի մոտ կարելը պատվաբեր է: Նա ինձ մոտ հագուստ է պատվիորւմ՝ չհասկանալվ, թե ինչ է հագնում: Այսինքն՝ նա նույնիսկ խորամուխ չի լինում՝ դա իրեն սազում է, թե ոչ: Նրան ոչ թե մասնագետ է պետք, այլ հարեւանի մակարդակը՝ Վարսիկ ծյոծա-դերձակը: Պետք իրեն շրջապատին ցուցադրի, ծանոթներին ասի՝ քանի որ դուք Վահանի զգեստն եք հագել, ապա ես էլ կհագնեմ...

Դժվար չէ՞ Իտալիայից հետո այստեղ գալ: Այնտեղ, ամեն դեպքում, այլ իրականություն է, եւ այնտեղ, հավանաբար, ավելի հարմար է ստեղծագործելը, զարգանալը:

Այս հարցին դժվար է այնպես պատասխանել, որ ոչ մեկին չվիրավորես… Ես Իտալիա եմ գնացել 2008-ին եւ այս ամբողջ ժամանակահատվածում պարբերաբար Հայաստանում եմ եղել: Իմ բիզնեսը մշտապես այստեղ է եղել: Որքան էլ Իտալիային ամուր կապված լինեմ, միեւնույն է՝ Երեւանի հետ շատ հարազատ զգացումներ են կապում: Դրանից բացի, այստեղ մշտապես սեփական ինչ-որ արտադրություն եմ ունեցել: Փոքր, բայց սեփական: Հիմնական շուկան նույնպես այստեղ է. չէ՞ որ ես իմ ապրանքանիշը հայկական եմ համարում:

Բիզնեսի առումով այստեղ շատ դժվար է: Որքան ժամանակ, ուժ եւ միջոցներ են ծախսվել ապրանքանիշի ծավալման եւ առաջմղման համար: Եթե այս ամենը ես այնտեղ անեի, ապա արդյունքը շատ ավելի լավը կլիներ: Ընդ որում՝ ես ինձ գուրու չեմ համարում եւ չեմ կարծում, որ վերադառնալու որոշումը սխալ էր, բայց եթե կրկին ընտրություն կատարելու հնարավորություն լիներ, ես, ամենայն հավանականությամբ, Իտալիայում կմնայի…

Ես 2013-ին եկա այստեղ եւ հիմնեցի իմ ապրանքանիշը, բայց առաջընթացի փոխարեն հետընթաց ապրեցի: Պատճառը, հնարավոր է, տնտեսական գործոնն է, չգիտեմ... Կուտյուրային գիծը փակեցի: Հոգնել էի: Գնում էի Իտալիա, ոգեւորվում, ամեն ինչ հրաշալի էր, վերադառնում էի ծրագրերով լեցուն, եւ կոտրվում. թեկուզ արժեքավոր բանը կյանքի կոչելու փորձերը բախվում են լուրջ առարկությունների եւ խնդիրների՝ արտահանման հարցեր, նյութի ներմուծման եւ մաքսազերծման:

Ամեն անգամ Երեւան կտորներ բերելու համար ահռելի գումար եւ նյարդեր էի կորցնում: Դրանք առանց այն էլ թանկ են, իսկ այստեղ նաեւ հարկերն են հավելվում... Ես հասկացա, որ չեմ ուզում այդպես աշխատել, երազում եմ իմ գործը հանգիստ անել: Այդ պատճառով էլ բացեցի «Biayni» ապրանքանիշը՝ ամենօրյա հագուստ, պրետ-ա-պորտե: Սկզբում ամենն լավ էր գնում: Իսկ հետո ես վերջնականապես որոշեցի, որ պետք է մեկնեմ: Վերջերս փակեցին նաեւ «Բիայնին»...

Իսկ մի՞թե ապրիլյան իրադարձություններից հետո մաքսային մարմինների հետ գործ ունենալը չի հեշտացել:

Այո, ապրիլյան իրադարձություններից հետո մաքսազերծումն ավելի է պարզեցվել, բայց, ինձ սխալ չհասկանաք, երկրում իրավիճակը վատթարացել է: Պատճառները սպասելի էին եւ օբյեկտիվ: Ավելին՝ ես առաջիններից մեկն էի, որը պաստառով փողոց է դուրս եկել, բայց ոչ որպես դիզայներ, այլ որպես քաղաքացի, որպես մարդ: Ուզում եմ, որ բոլորի համար լավ լինի, նույնիսկ եթե դրա պատճառով տուժելու է իմ եւ շատ այլ մարդկանց բիզնեսը, որոնց թիրախային լսարանը ապահովված մարդիկ են: Նրանք, ովքեր սա հասկանում են, գիտեն, որ պետք է սպասել. 10 տարի, գուցե 5... Սպասել, մինչեւ կձեւավորվի նոր սոցիալական շերտ, որն ազնիվ ճանապարհով է հարստացել եւ կարող է իրեն թույլ տալ հագուստ գնել հայ դիզայներներից: Միայն թե, ես այդքան սպասել չեմ կարող...

 Աննա Սաթյան

 



© NEWS.am STYLE