Նոր շրջադարձ. Դրուզը հանդես է եկել հայտարարությամբ հեռուստատեսային սկանդալի առնչությամբ

13:19   13 փետրվարի, 2019

Սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է ամենահայտնի հեռուստանախագծներից մեկի շուրջ բարձրացած սկանդալը։ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի գլխավոր խմբագիր Իլյա Բերը  63-ամյա Ալեքսանդր Դրուզին մեղադրում է կաշառքի փորձի մեջ՝ հարցերի ճիշտ պատասխաններն ունենալու նպատակով։ «Ինչ, որտեղ, երբ» խաղի մագիստրոսը հայտարարությամբ է հանդես եկել եւ պատասխան մեղադրանքներ հնչեցրել։

«Իլյա Բերը պատմությունը հակառակ է պատմել։ Հենց նա է ինձ հարցերի հետ կապված գործարք առաջարկել գումարի դիմաց, որը կվճարեի շահած գումարից»,- РБК-ի հետ զրույցում ասել է նա։ Ալեքսանդրի խոսքով՝ իրեն զարմացրել է Բերի անպատկառությունը, եւ ինքը որոշել է խաղակցել նրան՝ իմանալու համար՝ որքան հեռուն նա կարող է գնալ։

Ավելի վաղ Բերը հայտնել էր, որ նախորդ տարի Դրուզն իրեն խնդրել է երեք մլն ռուբլի շահել՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման գլխավոր մրցանակը։ Շոուի գլխավոր խմբագիրը ձեւացրել է, թե պատրաստ է համագործակցել Ալեքսանդրի հետ, նրան տվել հարցերի ու պատասխանների ցանկը, սակայն պատասխանները մի մասը փոխել է սխալ տարբերակներով։ Արդյունքում Դրուզը հաղթել է միայն անձեռնմխելի գումարը՝ 200 հազար ռուբլի։ Որպես իր խոսքերի ապացույց՝ Բերը ներկայացրել է Ալեքսանդրի հետ խոսակցությունների ձայնագրությունը։

Դրուզը չի հերքել, որ ձայնագրություններում իր ձայնն է, սակայն չի ընդունել մեղքը։ «Ամեն ինչ ավելի բարդ է. վերջին հինգ հարցերը չէին համընկնում։ Մենք պարզապես խաղացել ենք ու հաղթել։ Վերջին հարցին, ինչպես եւ պայմանավորվել էինք Սինդնեւի հետ, ճիշտ պատասխան չենք տվել, թեեւ երբ այն հնչեց, ես հասկացա, որ ճիշտ պատասխանն ինձ հայտնի է»,- հավելել է Դրուզը։

Ալեքսանդրը նշել է, որ հիմա արդեն հասկանում է՝ հիմարություն է արել՝ փորձելով «հաղթել» Բերին: «Ես ափսոսում եմ, որ այսպես ստացվեց»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE