Համարձակ տեսարաններ եւ բարդ հերոսներ. նոր մանրամասներ «Ա.Կ.Ա» ֆիլմի գլխավոր դերասանների կերպարներից (ֆոտո)

14:15   19 մարտի, 2019

Ռեժիսոր Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա» ֆիլմի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմի սյուժեի հիմքում երկու հարազատ եղբայրների պատմությունն է, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են կյանքի հակառակ բեւեռներում: Ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 21-ին: Ձեզ արդեն հասցրել ենք ներկայացնել նաեւ աստղային կազմով աչքի ընկնող ֆիլմի ռեժիսորի հետ մեր զրույցը, իսկ այժմ հենց նրանց՝ աստղային դերասանական կազմի հերթն է:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից մի քանիսը NEWS.am STYLE-ին պատմել են իրենց կերպարների մասին:

Արաբո Գրիգորյանը «Ա.Կ.Ա» ֆիլմի  գլխավոր դերակատարներից մեկն է: Երիտասարդ դերասանը նաեւ ֆիլմի համապրոդյուսերներից է (մյուս պրոդյուսերը Սարգիս Գրիգորյանն է): Արաբո Գրիգորյանի խոսքով՝ ֆիլմն իրական ընկերությունը, կյանքը գնահատելու մասին է:  

«Իմ կերպարը՝ Արամ Բաղրամյանը, կյանքի 2 փուլ է ունենում. սկզբում ամեն ինչ լավ է, ընտանիքն իր կողքին է, իսկ հետո նա մնում է միայնակ, որեւէ մեկը նրա կողքին չէ, նույնիսկ ընտանիքը նրան դեմ է դուրս գալիս: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, քանի որ երբ չես գնահատում, ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Ցանկանում եմ իսկապես էմոցիաներ հաղորդել մարդկանց, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է սիրել ընտանիքը, գնահատել ընկերությունը»,-ասում է նա:

Աննա Դովլաթյանը մարմնավորում է երգչուհի Սամիրային: Ֆիլմի գործողություններն այնպես են զարգանում, որ նրա հերոսուհին կորցնում է տեսողությունը:

«Այս դերին նախապատրաստվել եմ բավական լուրջ, համապատասխան գրքեր եմ կարդացել, շփվել եմ տեսողությունը կորցրած աղջկա հետ, ով իր խորհուրդներով օգնել է ինձ: Կարծում եմ, որ «Ա.Կ.Ա» ֆիլմը մարդկանց կօգնի որեւէ բարդ իրավիճակում չթուլանալ և չհանձնվել»:

Աննա Գրիգորյանը «Ա.Կ.Ա» ֆիլմում մարմնավորում է Իրինային, ով ֆիլմի գլխավոր բացասական կերպարի՝ Վասակի դուստրն է:

«Իմ հերոսուհին բավական բարդ իրավիճակում է հայտնվում: Թվում է, թե նա ամեն ինչ ունի երջանիկ կյանքի համար, սակայն ջերմություն ասվածը բացակայում է: Նա շատ բարդ հարաբերություններ ունի իր հոր հետ: Դերին պատրաստվելու համար բավական մեծ աշխատանք եմ կատարել, հոգեբանորեն փորձել եմ մտածել Իրինայի պես:

«Ա.Կ.Ա» ֆիլմում հանդիսատեսը կտեսնի նաեւ համարձակ տեսարաններ Աննա Գրիգորյանի և Սարգիս Գրիգորյանի մասնակցությամբ:

«Մենք փորձել ենք ստանալ առաջին հերթին գեղեցիկ տեսարաններ: Ինքս կարծրատիպային մոտեցումներ եւ սահմաններ չունեմ: Կարծում եմ, որ ամեն ինչ շատ գեղեցիկ է ստացվել»:

Սարգիս Գրիգորյանը «Ա.Կ.Ա» ֆիլմում մարմնավորում է Կարենին:

«Կարենը հանուն ընկերության պատրաստ է զոհաբերել նույնիսկ սեփական «ես»-ը: «Ա.Կ.Ա» ֆիլմը տղամարդկանց միջև եղած իսկական ընկերության մասին է: Միաժամանակ, Կարենի կերպարը հետաքրքիր թեթեւություն է հաղորդում ֆիլմին, որովհետև առանց այն էլ ֆիլմում առկան են ծանր տեսարաններ»,-ասում է նա:

Նարինե Պետրոսյանի հերոսուհին հայ ժամանակակից կնոջ` ընտանիքի մոր հավաքական կերպար է, որը լռակյաց հանդուրժելով ամուսնու հոգեկան անկումային ապրումները, այնուամենայնիվ ունի իր պատկերացումը ընտանիքի պահպանման, եղբայրական սիրո մասին, այդ պատճառով չի հնազանդվում ամուսնուն,այլ փորձում է ուղիներ գտնել ընտանիքը միավորելու.

«Նա համոզված է ,որ իր երջանկությունը կարող է վերականգնել միմիայն ընտանիքի անդամներին հաշտեցնելով. ես շատ մեծ սիրով եւ պատասխանատվությամբ եմ մոտեցել աշխատանքիս եւ հույս ունեմ՝ այդ ամենը էկրանից կերեւա»,-ասում է դերասանուհին:

Ֆիլմի սյուժեի եւ տպավորությունների մասին, ինչպես նաեւ պրեմիերային ներկա աստղային հյուրերին NEWS.am STYLE-ը կներկայացնի մարտի 21-ին՝ պրեմիերայի օրը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE