Քիմ Քարդաշյանի ներքնազգեստը չափազանց քաղաքական է. նոր զարգացումներ սկանդալում

15:54   1 հուլիսի, 2019

Նոր զարգացում Քիմ Քարդաշյանի եւ ճապոնացիների սկանդալում. Կիոտոյի քաղաքապետ Դաիսակու Կադոկավան իրապատում-շոուի մասնակցին պաշտոնական նամակ է ուղարկել՝ խնդրելով փոխել ներքնազգեստի ապրանքանիշի անունը՝ «Կիմոնո», որի մասին աստղը հայտնել է օրերս։ Քաղաքապետի նամակի ամբողջական տեքսն անգլերենով հրապարակվել է նրա Facebook-յան էջում։

«Հարգելի Քիմ Քարդաշյան-Ուեսթ, ես խնդրում եմ Ձեզ վերանայել «Կիմոնո» բառը ձեր ապրանքանիշում օգտագործելու որոշումը։ Կիմոնոն ավանդական էթնիկ հագուստ է, որը ստեղծվել է մեր նախնիների անդադար ջանքերով։ Նրանք փայփայել են այդ մշակույթը եւ զգուշությամբ են վերաբերվել դրան։ Բացի այդ՝ դա նրանց վարպետության պտուղն է, որն արտացոլում է ճապոնացիների գեղեցկության զգացումը, հոգին ու արժեքները»,- հայտարարել է Կադոկավան։

Նա հավելել է, որ կիմոնո կրում են ոչ միայն ճապոնացիներն, այլեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք այցելում են Կիոտո եւ երկրի այլ քաղաքներ։

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ կիմոնոյի մշակույթը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։ Մենք կարծում ենք, որ «կիմոնո» բառը բոլոր մարդկանց սեփականությունն է, որոնք սիրում են կիմոնոն ու դրա մշակույթը, այդ պատճառով այն չի կարելի մոնոպոլիզացնել»,- եզրափակել է քաղաքապետն ու Քիմ Քարդաշյանին հրավիրել քաղաք՝ դրա մշակույթին ծանոթանալու նպատակով։

Kyodo News հրատարակության տեղեկատվության համաձայն՝ նամակն ուղարկվել է փոստով եւ Քիմ Քարդաշյանի էլեկտրոնային հասցեին հունիսի 28-ին, սակայն քաղաքում մինչ այժմ պատասխան չեն ստացել նրանից։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE