65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

16:31   26 սեպտեմբերի, 2019

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. սրանք են այս տարվա «Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառման ամենահամեղ «հերոսի» չափսերը:                              

«Երեմյան Փրոջեքթս»-ն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է այս միջոցառումը՝ այն նվիրելով Երեւանի տոնին: Միջոցառման նպատակն է հայկական ավանդական գաթայի ամենամյա ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երեւանցիների, քաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկների համար՝ ավելի ճանաչելի դարձնելով հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան:

Տարեցտարի գաթան ավելացնում է իր չափսերը, բայց դա չի խանգարում, որ այն սպառվի կայծակնային արագությամբ: «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանի խոսքով՝ գաղտնիքը գաթայի համեղ լինելու եւ թիմի որակյալ ու սրտացավ աշխատանքի մեջ է:

«Սա միջոցառում է նվիրված քաղաքի տոնին. այս տարվա գաթան իր երկարությամբ 5մ-ով գերազանցում է նախորդ տարվանին: Այս տարի գաթայի պատրատման շուրջ աշխատել ենք 6 հոգով, ամբողջական գաթան ստացել ենք 125 կտորից: Մեր ավանդական խոհանոցը ներկայացնելը շատ կարեւոր է, եւ ամեն տարի նկատում ենք, որ թե´ մեր հայրենակիցների, թե´ զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի ավելանում է: Մյուս տարի գաթան էլ ավելի երկար կլինի, իսկ թե ինչքանով կգերազանցի այս տարվա գաթային, կորոշենք մյուս պատրաստման ժամանակ»:

Նախորդ տարի հայկական գաթան ուներ 368 կգ քաշ, 68 մ երկարություն եւ 37 սմ լայնություն. այդ չափանիշներով այն դարձավ «Գինես»-ի ռեկորդակիր` որպես աշխարհի ամենամեծ գաթա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE