12:14 16 հուլիսի, 2013«Սլավոնական բազար-2013» էստրադային երգի կատարողների 22-րդ միջազգային մրցույթի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ հուլիսի 15-ին: Գրան պրին՝ 15.000 դոլար արժողությամբ, ստացավ Լեհաստանի ներկայացուցիչ Միխալ Կաչմարեկը:
Առաջին մրցանակը՝ 9.000 դոլարի չափով, ստացավ խորվաթ կատարող Սաբրինան, երկրորդը՝ 6.000 դոլար, կիսեցին Եվգենի Անդրիյանովը Մոլդովայից եւ Արչիլը Վրաստանից: Երրորդ մրցանակը՝ 3.000 դոլար, նույնպես կիսեցին. Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Սոլովյովը եւ միավորների թվով նրա մոտ մրցակիցը՝ ռումինացի Քրիստին:
Մրցութային երկրորդ օրվա կանոնների համաձայն, յուրաքանչյուր մասնակից պետք է սլավոնական որեւէ լեզվով երգ կատարեր: Հայաստանը ներկայացնող Վրեժ Կիրակոսյանը մրցութային ելույթներից հետո հավաքել էր 164 միավոր: Երկրորդ օրը լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի «Տարօրինակ այս աշխարհը» երգի կատարումը ժյուրին ընդամենը 84 միավոր գնահատեց:
Նշենք, որ չնայած ոչ շատ բարձր միավորներին, Վրեժ Կիրակոսյանը մրցույթում պատվով ելույթ ունեցավ:
Վլադիմիր Մուլյավինի անվան հատուկ մրցանակը, որ հանձնում են ազգային թեման լավագույնս իրականացնելու եւ կատարողական բարձր վարպետության համար, այս տարի ստացավ Ռուսաստանը ներկայացնող հայուհի Ռայա Մովսիսյանը: Հատկանշական է, որ մրցութային երկրորդ օրը մեր հայրենակցուհին երգեց ուկրաիներեն: Հանդիսատեսն այդ գնահատեց եւ 19-ամյա երգչուհուն բուռն ծափահարություններ պարգեւեց:
Ամառային միջազգային հավաքը եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ: Ամփոփիչ գալա-համերգին ելույթ ունեցան Լարիսա Դոլինան, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Պյոտր Դրագնան, Յուլիա Սավիչեւան, Պյոտր Ելֆիմովը եւ Նիկոլայ Սկորիկովը:
Հիշեցնենք, որ Վրեժը ծրագրում էր մրցույթի ավարտից հետո ուղեւորվել Ղրիմ, իսկ հետո՝ Լոնդոն, իր առաջին հոլովակը նկարահանելու: